Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի նկատմամբ
Հաշվի առնելով, որ Հայկ Հարությունյանը մահացել է 2019 թվականին, քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել է նրա օրինական ներկայացուցչին՝ կնոջը

2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի նկատմամբ։ Որոշումը կայացրել է հսկող դատախազը՝ սեփական նախաձեռնությամբ։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ)։
Ըստ քննչական մարմինների՝ Հարությունյանը, զբաղեցնելով ոստիկանության պետի պաշտոնը, 2008 թվականի մարտի 1-ին անցել է պաշտոնեական լիազորությունները և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է Ազատության հրապարակում խաղաղ նստացույց անող ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու, ինչպես նաև քաղաքի կենտրոնում հետագա հնարավոր հավաքները բացառելու գործողությունները։
Բացի այդ, ըստ մեղադրանքի, նա՝ որպես գերատեսչության ղեկավար, թերացել է իր պարտականություններում և ՀՀ կառավարության քննարկմանը չի ներկայացրել «Չերյոմուխա 7» արցունքաբեր ու «Զարյա» լուսաձայնային հատուկ միջոցների կիրառման կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, ինչն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների, այդ թվում՝ մարդկային զոհերի։
Հաշվի առնելով, որ Հայկ Հարությունյանը մահացել է 2019 թվականին, քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել է նրա օրինական ներկայացուցչին՝ կնոջը։ Վերջինս, սակայն, առարկել է մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։
Այս հիմքով, հսկող դատախազի որոշմամբ, անջատված քրեական վարույթի նյութերը վերադարձվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու և գործը դատարան ուղարկելու նպատակով։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: