Կիրակի, մայիսի 3
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
3 մայիսի 2026 • 14:53

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Սրբազան Հայրն իր քարոզում ընդգծեց, որ օրը կրկնակի տոն է Հայ Եկեղեցու համար։

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնիցշ;

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը վերակոչվեց Տեր Անանիա քահանա, Կարո սարկավագ Ղարիբյանը՝ Տեր Մկրտիչ քահանա, Հարություն սարկավագ Զաքարյանը՝ Տեր Վահան քահանա, Գևորգ սարկավագ Կարապետյանը՝ Տեր Թովմաս քահանա, Գրիշա սարկավագ Հարությունյանը՝ Տեր Աբրահամ քահանա, Արամայիս սարկավագ Ազիզյանը՝ Տեր Ներսեհ քահանա և Արսեն սարկավագ Ավագյանը՝ Տեր Մուշեղ քահանա։

Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Սրբազան Հայրն իր քարոզում ընդգծեց, որ օրը կրկնակի տոն է Հայ Եկեղեցու համար։ Տոնն է Սուրբ Խաչի երևման, և նույն օրը Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով։ Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Նաթան Սրբազանը ընդգծեց, որ խաչը մահվան ու տառապանքի գործիքից Քրիստոսով դարձավ կենաց ծառ, տառապանքից՝ փրկություն և պահապան Աստծուն հավատարմորեն երկրպագողներին։

Այնուհետև, դիմելով նորաօծ քահանա հայրերին, Նաթան արքեպիսկոպոսն ասաց. «Սիրելի՛ քահանա հայրեր, այսօր ուխտով և աղոթքով ծնվեցիք որպես նոր մարդ, ծնվեցիք նոր անուններով և նոր կյանքի համար։ Այսուհետև ձեր կյանքը մշտապես պիտի լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսինը։ Տիրոջ օրինակով մարդկանց բերեք ուրախություն և արդարություն՝ երբեմն նաև անցնելով չարչարանքի ու տառապանքի միջով։ Քահանայի կոչումը զոհաբերություն է հանուն իր հոտի փրկության։

Մենք՝ հոգևորականներս, իբրև զինվորյալներ, պիտի կանգնենք Հայոց Եկեղեցու պաշտպանության առաջին շարքերում՝ խոսքով, գործով, աղոթքով, նվիրումով և, ինչու չէ, նաև սեփական անձի զոհաբերությամբ։ Ոչինչ չի կարող մեզ՝ Հայ Եկեղեցու հոգևորականներիս, հեռացնել մեր առաքելությունից»։

Սրբազան Հայրը վերջում աղոթք բարձրացրեց առ Աստված՝ նորաօծ քահանա հայրերին մաղթելով ուժ, կարողություն և անսասան հավատարմություն իրենց ուխտին։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:

Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև