Մեզ ձգում էին դեպի անդունդ. Արարատ Միրզոյան
Այսօր այդ մառախուղը մասամբ ցրվել է։ Բայց խաղաղ ծովի փոխարեն մենք տեսնում ենք բազմաթիվ փոթորիկներ։

Համաժողովները կենսունակ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ ունեն ասելու բովանդակություն։ Հավատացած եմ, որ մենք ունենք ասելիք, «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Անցյալ տարի մենք հանդիպեցինք հենց այս դահլիճում՝ «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Մենք նկարագրեցինք մի աշխարհ, որը պատված էր խիտ մառախուղով, քանի որ ծանոթ ճարտարապետությունը փլուզվում էր, կանոններն անհետանում էին, և մենք վստահ չէինք, թե ինչ է սպասվում առջևում: Խոսեցինք կողմնացույցների և քարտեզների մասին, անդրադարձանք տեկտոնական տեղաշարժերին և ուղղության փոփոխությանը։ Մենք հարց էինք տալիս՝ թե ինչպես է մեզնից յուրաքանչյուրը նավարկում այդ անորոշ միջավայրում։
Այսօր այդ մառախուղը մասամբ ցրվել է։ Բայց խաղաղ ծովի փոխարեն մենք տեսնում ենք բազմաթիվ փոթորիկներ։
Այսօր մենք դիմակայում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային: Դրանք փորձության են ենթարկում պետություններին, նրանց ինքնիշխանությունը, ինստիտուտները և անհատներին։ Այսօրվա այս փոթորիկներին նայելով՝ ուրվագծվում է հետևյալ ավելի լայն պատկերը․
- Աշխարհաքաղաքական փոթորիկ․ միջազգային իրավունքն ու գլոբալ աշխարհակարգը պարզապես ճնշման տակ չեն, դրանք ակտիվորեն քանդվում են։ Մենք ականատես ենք լինում վտանգավոր մի տեղաշարժի, երբ ուժի իրավունքը միտում ունի փոխարինել իրավունքի ուժին։ Աշխարհակարգը պահպանելու համար ստեղծված բազմակողմ ինստիտուտներն բախվում են իրենց ազդեցությունն ապահովելու բարդությունների մի աշխարհում, որն այլևս չի սպասում/ապավիում նրանց վճռին։ Միջուկային հռետորաբանությունը, որը նախկինում սահմանափակված էր Սառը պատերազմի սենյակներով, վերադարձել է քաղաքական հիմնական դիսկուրս, ինչը պետք է անհանգստացնի բոլորին:
- Տեխնոլոգիական փոթորիկ․ տեխնոլոգիաները զարգացել են շատ ավելի արագ, քան դրանցից բխող ռիսկերն ու հնարավորությունները կառավարելու մեր կարողությունը: Արհեստական բանականությունն այլևս ֆուտուրիստական երազանք չէ, այլ ներկայի ուժ։ Մենք բնականաբար կանխատեսում էինք, որ այն կվերափոխի արդյունաբերություններ, կվերացնի որոշ մասնագիտություններ և կփոխի աշխատանքի էությունը։ Բայց դրանից զատ, ԱԲ-ը նաև դարձել է մանիպուլյացիայի ուժեղ գործիք՝ արդյունաբերական ծավալներով գեներացնելով ապատեղեկատվություն, ստեղծելով կեղծ իրականություններ և վիրաբուժական ճշգրտությամբ թիրախավորելով ժողովրդավարական հասարակությունները:
- Տնտեսական փոթորիկ․ համաշխարհային շուկան այլևս կայուն չէ, իսկ վերջին զարգացումները խորապես սասանել են այն համոզմունքը, որ բաց առևտուրն օգուտ է բերում բոլորին: Մայրցամաքներ միավորող մատակարարման շղթաները հեշտությամբ խզվում են: Էներգակիրների գների տատանումները կարող են մեկ գիշերվա ընթացքում խաթարել ազգային տնտեսությունները: Տնտեսական պատժամիջոցները դարձել են աշխարհաքաղաքական ճնշման առօրեական գործիք՝ առևտուրը վերածելով մարտադաշտի:
- Բնապահպանական փոթորիկ․ բնական համակարգերը, որոնք ապահովում են կյանքը Երկրի վրա` մեր կլիման, ջուրը, հողը, անտառներն ու կենսաբազմազանությունը, այլևս պարզապես չեն փոփոխվում, դրանք գտնվում են լրջագույն ճնշման ներքո: Մենք աստիճանական տաքացումից անցել ենք խորը անկայունության շրջան, որտեղ բնապահպանական վնասը խորացնում է ցանկացած այլ ճգնաժամ: Կենսաբազմազանության կորուստը, հողի դեգրադացումն ու անտառահատումը թուլացնում են բնության վերականգնվելու կարողությունը, մինչդեռ բնական ռեսուրսների չափից ավելի օգտագործումը վտանգում է հասարակությունների գործառնության համար անհրաժեշտ հավասարակշռությունը:
Այս փոթորիկներն ի հայտ չեն եկել առանձին-առանձին։ Դրանք հայտնվել են միասին և փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց։ Աշխարհաքաղաքական ցնցումը հանգեցնում է տնտեսական խաթարումների, ինչն էլ իր հերթին խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը, ինչն էլ ավելի է խորացնում աշխարհաքաղաքական պառակտումները, մինչդեռ բնապահպանական փոփոխությունը այս բոլոր մարտահրավերների կառավարումն է՛լ ավելի է բարդացնում:
ՀՀ-ն գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում։ Ես անկեղծ կխոսեմ։ Վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի և փլուզման եզրին։ Ուստի, ցանկանում եմ կիսվել որոշ եզրահանգումներով։
Երբ պետությունը հայտնվում է նման ալեկոծություն մեջ, պատմությունն առաջարկում է երեք հիմնական ուղի․
- Առաջինը՝ մեկուսացումն ու օտարումն է։ Սա մի կողմ քաշվելու և գործողություններից փուսափելու ընտրություն է՝ հույս ունենալով, որ փոթորիկներից հեռու մնալով դրանք քեզ կշրջանցեն, իսկ հարմարավետության գոտին և ստատուս քվոն կպահպանվեն։ Թեև կարճաժամկետ հեռանկարում դա կարող է անվտանգ ընտրություն թվալ, պատմությունը ցույց է տալիս, որ նման մեկուսացումը չի պաշտպանում։ Այն պարզապես կտրում է պետություններին իրականությունից, դարձնում անպատրաստ և առավել խոցելի՝ ուժեղացնելով ճգնաժամին առերեսվելուց հարվածի ազդեցությունը, և «փուչիկն» ի վերջո պայթում է։
- Երկրորդը՝ փոթորկին տրվելն է։ Այս դեպքում իրականացվում են անարդյունավետ, սխալ և հյուծող գործողություններ, որոնք կանխատեսելի են և ինչն առավել վատ է՝ փոթորիկի կանխորոշված սցենարով թելադրված, որի արդյունքում նպաստում ես փոթորիկի իր իսկ կողմից ընտրած ուղղությամբ քեզ ներքաշելուն։ Այսպիսով կորցնում ես վերահսկողությունը, այլևս չես որոշում քո իսկ ճակատագիրը՝ դառնալով սեփական պատմության օբյեկետը, այլ ոչ սուբյեկտը։ Իսկ պարզապես հոսանքին տրվելով կամ փորձելով սանձել այն՝ անխուսափելիորեն առերեսվում ես ուրիշների որոշումների զոհ դառնալու և գոյաբանական մարտահրավերների առջև կանգնելու վտանգին։
- Եվ երրորդ ընտրությունը՝ անցնել փոթորիկի միջով՝ առաջնորդվելով պրագմատիկ մոտեցմամբ և ապագային միտված ռազմավարությամբ։ Ուղիղ առերեսվել իրականությանը՝ այն ընդունելուց խուսափելու փոխարեն։ Գիտակցել, որ անկայուն աշխարհում գոնե որոշակի կայունություն ապահովելու միակ ճանապարհը ղեկը սեփական ձեռքը վերցնելն ու հստակ, գործուն ռազմավարությամբ առաջ շարժվելն է: Եվ այո՛, թեև հաջողությունն այս պարագայում ամենևին հաստատուն չէ, սակայն առաջին երկու տարբերակները հաստատապես կործանարար են։
Հայաստանի Հանրապետությունը, մեր նորագույն պատմության ընթացքում անցել ենք այս երեք ճանապարհներով, թևակոխել ենք այս երեք փուլերը։ Տասնամյակներ շարունակ մենք կարծում էինք, թե մեկուսի մնալով՝ հաջողությամբ խուսափում ենք փոթորիկներից և պահպանում սովորական դարձած մեր հարմարավետության գոտին։ Սակայն երբ եկավ ճգնաժամը, և այդ երևակայական անվտանգությունը փլուզվեց, մենք հայտնվեցինք մի հորձանուտում, որտեղ, չնայած մեր համառ ջանքերին, մեզ ձգում էին դեպի անդունդ։
Եվ այդժամ ինչ-որ մի պահի մենք որոշեցինք դուրս գալ պատմության այդ արատավոր շրջապտույտից։ Չհետևել այն ուղուն, որն ուրիշներն էին կանխորոշել մեզ համար, այլ ստանձնել մեր սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։ Չմնալ անցյալում, այլ նայել առաջ՝ կառուցելու ժամանակակից, ժողովրդավար և զարգացած հասարակություն, իրական ինքնիշխանությամբ և հստակ սահմանված տարածքային ամբողջականությամբ պետություն՝ այս իրողությունների պայմաններում իր որդեգրած խաղաղ կենսակերպով։ Եվ հենց այդ պահին է, որ ծնունդ առավ «Իրական Հայաստանի» գաղափարը»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Կարդացեք նաև
Հայաստան5 մայիսի 2026
Փաշինյանը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» համաժողովին՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» և միջազգային համագործակցությանը միտված այլ նախաձեռնություններ
Հայաստան5 մայիսի 2026
Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.058 մլն. մ³
Հայաստան5 մայիսի 2026
«Ուկրաինական ֆոսֆորի» թեման երեսպաշտություն է. «Բլոգնյուզ»-ի նախկին խմբագիրն արձագանքում է
Հեղինակը «երեսպաշտություն» է որակում այն փաստը, որ «ուկրաինական ֆոսֆորի» թեմայով բողոքողները լռում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման մասին, երբ Հայաստան են այցելում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։