Մխիթար Հայրապետյանը Փարիզում ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերության զարգացման հայեցակարգը և «ԱԲ գործարանների պարտեզի» տեսլականը
Իր խոսքում նախարարը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգային մոտեցումները՝ նշելով, որ արհեստական բանականության (ԱԲ) և տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում փոքր երկրները ևս կարող են լինել մրցունակ՝ շնորհիվ ճկունության և նպատակային ներդրումների։

Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով՝ «Պաշտպանական արդյունաբերական համագործակցություն. մատակարարման շղթաներ, տաղանդներ և փոքր պետությունների դերը» խորագրի ներքո։
Իր խոսքում նախարարը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգային մոտեցումները՝ նշելով, որ արհեստական բանականության (ԱԲ) և տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում փոքր երկրները ևս կարող են լինել մրցունակ՝ շնորհիվ ճկունության և նպատակային ներդրումների։
Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ թեև արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա ժամանակակից պաշտպանական համարգերում, իրական մրցակցային առավելությունը շարունակում է մնալ մարդկային կապիտալը։ Ըստ նրա՝ Հայաստանը մեծ ներդրումներ է կատարում ինժեներական կրթության, ստարտափների զարգացման, գիտահետազոտական ինստիտուտների և համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործընկերության մեջ:
Անդրադառնալով ֆինանսական ցուցանիշներին՝ նախարարը փաստել է, որ վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք.
-
172 միլիարդ դրամ է ներդրվել ոլորտում պետական պատվերների համակարգի միջոցով,
-
Որոշում է ընդունվել հավելյալ 190 միլիարդ դրամի նոր երկարաժամկետ պայմանագրեր կնքելու մասին,
-
Ոլորտի շրջանառությունը ներքին տնտեսությունում հասել է շուրջ 70 միլիարդ դրամի, իսկ հայկական ռազմական արտադրանքն արդեն իսկ արտահանվում է։
ԲՏԱ նախարարի համոզմամբ՝ ապագան պատկանում է փոխկապակցված էկոհամակարգերին, որտեղ ստարտափները հնարավորություն ունեն արագ փորձարկել, ձախողել, սովորել և կատարելագործվել: Այդ նպատակով քայլեր են ձեռնարկվում փորձարկումների ընթացակարգերը պարզեցնելու և իրական օպերատիվ միջավայրերի հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ:
Գլոբալ մրցակցությունում հաջողելու համար Հայաստանը զարգացնում է «ԱԲ գործարանների պարտեզի» (AI Factory Garden) իր տեսլականը։ Այն հայկական պաշտպանական ընկերություններին թույլ է տալիս իրականացնել բարդ ինժեներական մոդելավորումներ և անհրաժեշտ փորձարկումներ՝ պետության կողմից տրամադրվող ռեսուրսների և ենթակառուցվածքների բազայի վրա։
Ելույթի ավարտին Մխիթար Հայրապետյանն ընդգծել է միջազգային համագործակցությունների խթանման պատրաստակամությունը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում արտահանման լիցենզավորման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ։
«Միասին մենք կարող ենք կառուցել մատակարարման շղթաներ, որոնք ավելի դիմակայուն են, մշակել տեխնոլոգիաներ, որոնք ավելի արդյունավետ են, ստեղծել պաշտպանական արդյունաբերական էկոհամակարգ, որն ավելի ուժեղ է, քանի որ հիմնվում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունների կարողությունների վրա»,— ամփոփել է նախարարը։
Կարդացեք նաև
Հայաստան19 հունիսի 2026
Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունն ու նշել, որ այն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություն է։
Հայաստան19 հունիսի 2026
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱԺ նախկին պատգամավորն արդեն իսկ ձերբակալված է։ Իրավապահ մարմինները դատարան են ներկայացրել միջնորդություն՝ նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Հայաստան19 հունիսի 2026
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մասնակցել է ՀԷՑ ԲՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդլայնված կազմով աշխատանքային քննարկմանը
Հանդիպման մասնակիցները ողջունել են նախաձեռնությունը՝ կարևորելով պետական մարմինների, կառուցապատողների և էներգետիկ համակարգի ներկայացուցիչների միջև շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ ոլորտում տնտեսական ցուցանիշների ակտիվացմանը: