Շաբաթ, սեպտեմբերի 26
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
26 սեպտեմբերի 2026 • 14:43

Նեթանյահուի ելույթը և Ադրբեջանի ընտրությունը․ թուրքական սեգմենտը քննադատում է

Ադրբեջանը մնաց դահլիճում․ որոշումը բուռն արձագանք է ստացել Թուրքիայում

Նեթանյահուի ելույթը և Ադրբեջանի ընտրությունը․ թուրքական սեգմենտը քննադատում է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ուղեկցվել է լայնածավալ բոյկոտով․ տասնյակ երկրների պատվիրակություններ լքել են դահլիճը, մինչդեռ Ադրբեջանի ներկայացուցիչը մնացել է տեղում։

Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Նյու Յորքում։ Նրա ելույթի մեկնարկին բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ լքել են նիստերի դահլիճը՝ ի նշան Իսրայելի քաղաքականության, մասնավորապես՝ Գազայի պատերազմում իրականացվող գործողությունների դեմ բողոքի։

Տարբեր աղբյուրներ հեռացած կամ դահլիճում չմնացած պատվիրակությունների թիվը ներկայացնում են տարբեր կերպ։ Որոշ հրապարակումներ խոսում են 77 պատվիրակության մասին, մինչդեռ Anadolu-ն իր տեսագրությունների ուսումնասիրության հիման վրա նշում է՝ մոտ 70 երկիր։

Բոյկոտին միացել է նաև Թուրքիայի պատվիրակությունը։ Թուրքիայի հետ միասին դահլիճից հեռացել են մի շարք արաբական և մահմեդական երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Քաթարի, Իրաքի, Մալայզիայի և Ինդոնեզիայի պատվիրակությունները։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ներկայացուցիչը չի լքել դահլիճը և շարունակել է հետևել Նեթանյահուի ելույթին։ Թուրքական Sözcü-ն, մասնավորապես, առանձնացրել է Ադրբեջանի ներկայացուցչի այդ որոշումը՝ նշելով, որ դահլիճում մնացել են նաև ԱՄԷ-ի, Հունաստանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ։

Նեթանյահուի ելույթը ներառում էր Գազայի պատերազմին, Իրանի հետ հակամարտությանը, Իսրայելի անվտանգությանն ու Պաղեստինի պետականության հարցին վերաբերող մի շարք հայտարարություններ։ Իսրայելի վարչապետը քննադատել է նաև մի շարք երկրների և քաղաքական գործիչների դիրքորոշումները։

Ելույթի ընթացքում Նեթանյահուն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան քննադատելով և Թուրքիային մեղադրանքներ ներկայացնելով։ Անկարայից հայտարարություններին արձագանքել են՝ դրանք որակելով որպես անհիմն մեղադրանքներ և նշելով, որ դրանք չեն կարող ստվերել Գազայում ստեղծված հումանիտար իրավիճակի և միջազգային իրավական գործընթացների վերաբերյալ քննարկումները։

Այս ֆոնին Ադրբեջանի ներկայացուցչի՝ դահլիճում մնալու որոշումը թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել և դարձել քննարկումների ու քննադատության առիթ։ Թուրքական լրատվամիջոցները հատուկ ընդգծել են, որ Ադրբեջանի ներկայացուցիչը, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների պատվիրակությունների, ամբողջ ընթացքում մնացել է դահլիճում։

Սոցիալական ցանցերում հրապարակված գրառումներում օգտատերերը տարբեր կերպ են գնահատում Բաքվի այս քայլը՝ հարցադրումներ անելով Ադրբեջանի դիրքորոշման և նման որոշման պատճառների վերաբերյալ։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև