ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Տավուշում ամփոփել է Փրկարար ծառայության առաջին կիսամյակի աշխատանքը
ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Հայկ Սաղաթելյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում մարզում արձանագրվել է 471 կանչ, որից 134-ը՝ տեխնածին, իսկ 30-ը՝ տարերային և այլ բնույթի։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 16-ին Տավուշի մարզում ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակում Փրկարար ծառայության իրականացրած աշխատանքները։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ինչպես նաև երկու ծառայությունների աշխատակիցներ։
Ողջունելով մասնակիցներին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի արտակարգ իրավիճակների կառավարման, դրանց հետևանքների վերացման և արագ արձագանքման գործում։
ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Հայկ Սաղաթելյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում մարզում արձանագրվել է 471 կանչ, որից 134-ը՝ տեխնածին, իսկ 30-ը՝ տարերային և այլ բնույթի։
-
Զոհերի թիվը նվազել է 50%-ով,
-
Տուժածներինը՝ 11,5%-ով,
-
Գրանցվել է 113 հրդեհ (որից 49-ը՝ բուսածածկ և խոտածածկ, 1-ը՝ անտառածածկ տարածքում)։
Նախարարի հանձնարարականները և քննարկված հարցերը
Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է.
-
Ակտիվացնել համագործակցությունը ՏԻՄ-երի հետ՝ աղետների ռիսկի կառավարման պլաններն առկա իրավիճակին համապատասխանեցնելու համար:
-
Ուժեղացնել վերահսկողությունը տեսչական մարմինների հետ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ապօրինի ծառահատումների դեմ պայքարին և իրազեկման աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անտառային հրդեհների կանխարգելման, գետերի վարարումների, անտառային ճանապարհների բարելավման, թափուկների մաքրման, ինչպես նաև կարկուտի պատճառած վնասների գնահատման հարցերը։ Կարևորվել է նաև խոտհնձի ժամանակ հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ բնակչության իրազեկումը:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է գետերի մաքրման և ափապաշտպան կառույցների ամրացման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ նշելով, որ մարզի անտառածածկ լինելը պահանջում է շարունակական ջանքեր, հատկապես հրդեհների կանխարգելման հարցում։
ՓԾ տնօրեն Արամ Ղազարյանը հայտնել է, որ անտառամերձ և հանգստյան գոտիներում Էկոպարեկային ծառայության հետ համատեղ իրականացվել են հրդեհավտանգ տարածքների մշտադիտարկումներ և համայնքային հանդիպումներ։
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն իր հերթին փաստել է, որ թեև ծառայությունը Տավուշում նոր է ձևավորվել, սակայն Փրկարար ծառայության հետ արդեն ձևավորվել է արդյունավետ համագործակցություն։
Ամփոփելով հանդիպումը՝ ՆԳ նախարարն ընդգծել է նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ խնդիրներն արագ վերհանելու և լուծելու համար։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։