Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները
ՆԳ նախարարն ամփոփել է Կոտայքի մարզում ՆԳՆ ոստիկանության առաջին կիսամյակի աշխատանքը։

Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա են եղել ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
2026 թվականի առաջին կիսամյակում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից գրանցվել է հանցագործության 240 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8 տոկոսով պակաս։
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները: Աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված սպանության և սպանության փորձի բոլոր դեպքերը բացահայտվել են։
Օպերատիվ միջոցառումների արդյունքում մարզի քրեական ոստիկանները բացահայտել են նաև սպանության նախապատրաստության մեկ դեպք։
Հայտնաբերվել է դատական ակտերով սահմանված այլընտրանքային պատիժների չկատարման 3 դեպք։ Դրանց առնչությամբ ներկայացվել են հաղորդումներ, Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել՝ քրեական վարույթներ։
Ընդհանուր առմամբ մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 363 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19 տոկոսով ավելի։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 87,1 տոկոս։ Միաժամանակ ավելացել են զենք-զինամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը։
Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 20,1 տոկոսով պակաս հանցագործության դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում։ 437 դեպքից բացահայտվել է 362-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է՝ կազմելով 82,8 տոկոս։ 65,2 տոկոսով նվազել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։
Առաջին կիսամյակի արդյունքներով՝ Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ չեն արձանագրվել։ Գրանցվել է հանցագործության 162 դեպք, ինչը 19,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման արդյունավետությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 93,2 տոկոս։
Անդրադառնալով ներկայացված արդյունքներին՝ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մարզային ստորաբաժանումների ծառայողներին կատարած աշխատանքի համար և անդրադարձել բացթողումներին։ Ընդգծվել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ցուցանիշների հետագա բարելավման ուղղությամբ առավել թիրախային և հետևողական մոտեցումների ակտիվացումը։
Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ՝ կանխելով քրեական տարրերի ազդեցությունն ու տարածումը։ Կարևորելով հատկապես գիշերային ժամերին բակային տարածքներում խմբերով հավաքվելու ուղղությամբ կանխարգելիչ և օպերատիվ աշխատանքը՝ ՆԳ նախարարը հանձնարարել է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ պարբերաբար իրականացնել շրջիկ և ուժեղացված ծառայություններ՝ հատկապես այն հատվածներում, որտեղ առկա են հանցավորության կամ քրեածին միջավայրի ձևավորման ռիսկեր։
Որպես իրականացված օպերատիվ աշխատանքի շոշափելի արդյունք՝ նախարարն առանձնացրել է սպանության նախապատրաստության դեպքի բացահայտումը, ինչպես նաև բազմաթիվ խուզարկությունների արդյունքում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Արփինե Սարգսյանը հրահանգել է նշված ուղղությամբ էլ ավելի ակտիվացնել հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է բացահայտել և մշտադիտարկել իրացման ու օգտագործման հնարավոր վայրերը, կանխարգելել և նվազագույնի հասցնել համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերը։
Ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ դրանց կանխարգելման շղթան պետք է սկսվի վաղ հայտնաբերումից և շարունակվի մինչև յուրաքանչյուր դեպքի ամբողջական բացահայտում։ Հանձնարարվել է ապահովել պատշաճ վերահսկողություն և բռնության նոր դրսևորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։
Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին։ Նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր նման դեպքի անհրաժեշտ է արձագանքել անհապաղ և համակողմանիորեն՝ ապահովելով նաև ուսումնական հաստատությունների հետ ակտիվ համագործակցությունը։
Արփինե Սարգսյանը հանձնարարել է քաղաքային հատվածներում առավել հետևողականորեն վերահսկել կվադրոցիկլների շահագործումը՝ բացառելու դրանց անօրինական օգտագործումն ու չթույլատրված հատվածներում երթևեկությունը՝ ապահովելով պատշաճ հանրային անվտանգություն։
Նախարարը հետաքրքրվել է նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության և իրականացված փոփոխությունների արդյունքներով՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր ահազանգի դեպքում գործել «Մեկ զանգ, արագ արձագանք» տրամաբանությամբ՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ, հարգալից և որակյալ սպասարկումը։
Ամփոփելով՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարել է երկրորդ կիսամյակի ընթացքում հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ուղղություններով առավել հասցեական պլանավորել անելիքներն, ինչը թույլ կտա արձանագրել դրական ցուցանիշների շարունակական աճ։
Կարդացեք նաև
Հայաստան27 հուլիսի 2026
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
Սրբուհի Գալյանը հիշեցրել է, որ մեր երկրում գործում են կարգավորումներ, ըստ որոնց գործերի քննության ժամկետն առաջին ատյանի դատարանում տևելու է ոչ ավելի, քան մեկ տարի:
Հայաստան27 հուլիսի 2026
«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը
Հայաստան27 հուլիսի 2026
Կինը հայտնել է, որ ամուսինը առավոտյան խողովակով հարվածել է իրեն, իսկ երեկոյան կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել
Ամուսինը պլաստմասե խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ ոտքերի շրջանում պատճառելով մարմնական վնասվածքներ։