Փարիզում կայացել է ՀՀ դեսպանահավաքը, քննարկվել են ԵՄ-ի հետ համագործակցությունն ու առաջիկա գագաթնաժողովները
Փարիզում Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացած դեսպանահավաքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, եվրոպական երկրների հետ համագործակցության խորացումը, տարածաշրջանային ծրագրերը և առաջիկա բարձր մակարդակի միջոցառումները՝ պահպանելով նախարարի կարևոր ուղերձները ռազմավարական գործընկերությունների մասին։

Ապրիլի 27-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Նախարար Միրզոյանն իր բացման խոսքում նշել է. «Վերջին անգամ բոլորս, իհարկե ավելի ընդլայնված կազմով, հանդիպել ենք օգոստոսի վերջին, որից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել հատկապես եվրոպական աշխարհամասում և Եվրոպական միության ու առանձին երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։ Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում։ Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը։
Մինչ այս՝ վերջին ամիսներին, իհարկե, առանձին երկրների հետ արդեն դա տեղի է ունեցել, օրինակ` Գերմանիայի հետ։ Իհարկե, անվանումները փաստաթղթից փաստաթուղթ մի փոքր տարբերվում են. մի դեպքում դա ռազմավարական գործընկերության հաստատում է, մի դեպքում դա գործընկերության ռազմավարական օրակարգ է։ Օրինակ` Եվրոպական միության հետ ստորագրեցինք «Գործընկերության ռազմավարական օրակարգ» և այսպես շարունակ»։
Նախարարը նաև անդրադարձել է մայիսի 4-6-ը Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովներին, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը։
Եվրոպական երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրել է ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների հիմնական օրակարգը և նախատեսվող փաստաթղթերը։
ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն իր հերթին խոսել է «Երևանյան երկխոսության» նախապատրաստական աշխատանքների և քննարկումների հիմնական ուղղությունների մասին։
Դեսպանահավաքի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման, եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը, ընթացիկ ծրագրերն ու հետագա հեռանկարները։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի ընթացքը՝ ընդգծելով տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել նաև հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալիզացիային ուղղված քայլերին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև առկա մարտահրավերների շուրջ։
Քննարկվել են նաև դիվանագիտական ծառայության բարելավմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: