ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել են խոշոր չափի կանխիկ գումարներ՝ ՌԴ երկու քաղաքացիների մոտ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, իսկ կասկածյալների նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Հայաստանի Հանրապետության օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի գումարների ապօրինի տեղափոխման դեպք, այս մասին հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ստացվել էին օպերատիվ տվյալներ, ըստ որոնց՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանելու էր ՌԴ քաղաքացի Ռ․Թ․-ն՝ իր հետ բերելով խոշոր չափի կանխիկ գումար։
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ռ․Թ․-ն ձերբակալվել է և տեղափոխվել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Նրա նոտ հայտնաբերվել է կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն ՀՀ դրամին համարժեք գումար է։
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ դատարանի որոշմամբ Ռ․Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։
ՊԵԿ–ը հայտնում է նաև, որ մեկ օր անց Հայաստան ժամանած Ռ․Թ․-ի ազգականի՝ ՌԴ քաղաքացի Հ․Թ․-ի մոտ նույնպես հայտնաբերվել է խոշոր գումար՝ 7.6 մլն ռուսական ռուբլի (մոտ 37 մլն ՀՀ դրամ)։ Վերջինս ևս ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում և տեղափոխվել համապատասխան մարմիններ։ Նրա նկատմամբ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։
«ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է ուժեղացված հսկողությունը ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ և այդ նպատակով քաղաքացիներին հորդորում է արտերկրից դրամական միջոցները ՀՀ փոխանցել օրինական ֆինանսական հաստատությունների միջոցով և խուսափել զարտուղի ճանապարհներով դրանք կանխիկ եղանակով ՀՀ տեղափոխելուց»,– ասվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Հայաստան13 հուլիսի 2026
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:
Հայաստան13 հուլիսի 2026
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։
Հայաստան13 հուլիսի 2026
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է