Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն
ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն՝ ելնելով մի շարք հանգամանքներից:

Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 119 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից:
2026 թվականի մարտին, դատախազի միջնորդագրերի հիման վրա, ապամոնտաժվել են ևս 11 հողամասերում գտնվող 16 շինություններ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան), ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը:
2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը: Հատկանշական է, որ նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել:
Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):
Վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են.
- Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե),
- «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե),
- ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե),
- «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
«Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգությանը, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։
Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը:
Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝
- Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
- Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
- Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը»,– ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: