Հայաստան
8 օգոստոսի 2026 • 08:29
Շինարարի օրը Հայաստանում նշվել է հանդիսավորությամբ․ Շինարարների միությունը տոնում է 30-ամյակը
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև շինարարության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետությունում մեծ հանդիսավորությամբ նշվել է Շինարարի մասնագիտական տոնը, որն այս տարի նշանավորվել է նաև Հայաստանի շինարարների միության գործունեության 30-ամյա հոբելյանով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, թեև Շինարարի օրն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի երկրորդ կիրակի օրը, Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը, համատեղելով կրկնակի տոնի առիթը, օգոստոսի 7-ին կազմակերպել են հանդիսավոր միջոցառում։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև շինարարության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել նրանց անմնացորդ նվիրումն ու պատասխանատու աշխատանքը։ Փոխվարչապետն ընդգծել է, որ շինարարության ոլորտը մշտապես հանդիսացել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հենասյուներից մեկը։
Անդրադառնալով Հայաստանի շինարարների միության 30-ամյա գործունեությանը՝ Տիգրան Խաչատրյանը կարևորել է միության առանցքային դերակատարումը ոլորտի զարգացման գործում և վստահություն հայտնել, որ այն կշարունակի արդյունավետորեն նպաստել պետություն-մասնավոր փոխգործակցության ամրապնդմանը։
Ոլորտի նվիրյալներին շնորհավորել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ հանրապետությունում իրականացվող մեծածավալ շինարարական ծրագրերի միջոցով ձևավորվում է մասնագիտական նոր փորձառություն։
Այս համատեքստում նախարարն առանձնակի անդրադարձ է կատարել ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի 2029 թվականի առաջնության անցկացման նպատակով նախատեսվող նոր մարզադաշտերի կառուցման աշխատանքներին։ Ելույթից հետո Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների հանձնել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ և շնորհակալագրեր։
Համադրելի ցուցանիշներ և ոլորտային բարեփոխումներ է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարության ոլորտը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը։
-
Շինարարության ծավալը․ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 2025 թ․ համադրելի ժամանակահատվածի համեմատ ոլորտի ծավալն աճել է 24.5%-ով՝ կազմելով 282.2 մլրդ դրամ։
-
Հարկային մուտքերը․ 22%-ով ավելացել են շինարարության ոլորտից պետական բյուջե վճարված հարկային եկամուտները։
«Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է շարունակում լինել գլխավոր պահանջը շինարարներից։ Քաղաքաշինության կոմիտեն որդեգրել է ոլորտի բարեփոխման հստակ ուղի, որը, հուսով եմ, կանցնենք ձեզ հետ միասին։ Կոմիտեն էականորեն արագացրել և դյուրացրել է նախագծումից մինչև ավարտական փուլ թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացները։ Բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է ավարտական փաստաթղթերի փուլային ստացման հնարավորություն։ Առաջիկայում հասնելու ենք ավարտական ակտի ինքնաշխատ ստացման»,- նշել է Եղիազար Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկա առաջնահերթություններից է լինելու նաև թվային համակարգերի կիրառմամբ տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը։
Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանն իր շնորհավորական խոսքում բարձր է գնահատել ոլորտում ներգրավված բոլոր մասնագետների վաստակը․
«Շինարարների միությունը ոլորտի մասնագիտական հեղինակավոր հարթակ է, որն արդեն երեք տասնամյակ միավորում է շինարարներին, նախագծողներին, ճարտարապետներին, ինժեներներին, արտադրողներին և ոլորտի բոլոր այն մասնագետներին, ովքեր իրենց աշխատանքով կերտում են Հայաստանի քաղաքներն ու համայնքները»,- ընդգծել է նա։
Վահան Հարությունյանը և Եղիազար Վարդանյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել են «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագրեր։
Շինարարներին շնորհավորել և պարգևատրել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ նրանց հանձնելով «Էրեբունի Երևան 2800-ամյակի» հուշամեդալներ և Երևանի քաղաքապետի պատվոգրեր։
Հանդիսավոր միջոցառումն ամփոփվել է տոնական երաժշտական կատարումներով և Հայաստանի շինարարության ոլորտի ձեռքբերումներին նվիրված տեսանյութի ցուցադրությամբ։
Կարդացեք նաև
Հայաստան8 օգոստոսի 2026
Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետը
Հայաստանի Հանրապետությունը գնահատում, կարևորում է այդ անհատական ջանքի գործադրումը, և այսօր այդ գործադրված անհատական ջանքը գնահատված է, ինչը, կարծում եմ, պակաս կարևոր չէ․Նիկոլ Փաշինյան
Հայաստան8 օգոստոսի 2026
Հայաստանում հորդառատ անձրեւներ են սպասվում. հնարավոր է նաեւ կարկուտ
Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։
Հայաստան8 օգոստոսի 2026
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով․ իրականացվել է ցորենի և քարածխի հերթական մատակարարումը
Զուգահեռաբար ակտիվորեն զարգանում է նաև երկկողմ առևտուրը․ Ադրբեջանից անմիջականորեն Հայաստան է ներմուծվել շուրջ 15,000 տոննա դիզելային վառելիք և շուրջ 5,000 տոննա բենզին։