Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին
Հայ ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին։ Նա շուրջ 15 տարի զբաղվել է սպորտով, եղել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 2023 թ. Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր +86 կգ քաշային Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները՝ հայտարարելով կարիերան ավարտելու մասին, այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:
Մեկնաբանելով կարիերան ավարտելու որոշումը՝ Տաթև Հակոբյանը նշեց.
«Շուրջ 15 տարի է՝ սպորտում եմ: Այժմ, կարծում եմ, ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու: Նախորդ տարի ամուսնացել եմ ու ցանկանում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս: Այս տարիներն ինձ կոփեցին. կարելի է ասել՝ իմ բնավորությունը կերտվել է հենց ծանրամարտում: Ծանրամարտն ինձ տվել է հիշողություններ, զարգացրել իմ կամքի ուժը: Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք այս տարիներին իմ կողքին են եղել: Ցավոք, չկարողացա ավարտել այնպես, ինչպես ցանկանում էի: Արդեն որոշել էի, որ ավարտելու եմ կարիերաս. կարծում եմ՝ այդ հուզմունքը փոքր-ինչ խանգարեց, քանի որ մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել»:
Հիշեցնենք, որ Պոկում վարժությունում Հակոբյանը հաջող կատարեց երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով նախ 102 կգ կշռող ծանրաձողը, ապա՝ 106 կգ-ն: Այս վարժությունում նա 9-րդն էր: Հրում վարժությունում Տաթևը միայն մեկ մոտեցում կատարեց՝ բարձրացնելով 125 կգ-ն: Երկամարտի 231 կգ արդյունքով հայ մարզուհին 12-րդն էր:
Տաթև Հակոբյանն անդրադառնալով հետագա ծրագրերին նշել է, որ մտադիր է մնալ սպորտում:
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: