Քաղաքականություն
13 հունիսի 2026 • 09:34
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հրապարակային հերքում և 9 մլն դրամ
Հայցը դատարան մուտքագրվել է հունիսի 2–ին, վարույթ ընդունվել հունիսի 12–ին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանի կողմից։

Երևանի քաղաքացիական դատարանը երեկ՝ հունիսի 12–ին, վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և ավելին քան 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով,տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը դատարան մուտքագրվել է հունիսի 2–ին, վարույթ ընդունվել հունիսի 12–ին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանի կողմից։
Ծառուկյանը պահանջում է վարչապետ Փաշինյանին պարտավորեցնել հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանում գործող զանգվածային լրատվության միջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 ժամ առաջ այդ մասին ԶԼՄ–ներին նախապես ծանուցելով` հրապարակայնորեն հերքել Ծառուկյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
Ըստ հայցադիմումի` Նիկոլ Փաշինյանը պետք է հերքի այս տարվա մայիսի 28–ին ճեպազրույցի ընթացքում Ծառուկյանի մասին հնչեցրած՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ» լինելու, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» արտահայտությունները` նշելով՝ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են:
Հայցադիմումի մեջ Ծառուկյանը նշել է, այդ թվում, այն ԶԼՄ–ների ցանկը, որտեղ պետք է հրապարակվի հերքման տեքստն ու Փաշինյանի կողմից ներողություն խնդրելը։
Հայցադիմումով պահանջվում է հօգուտ Գագիկ Ծառուկյանի Նիկոլ Փաշինյանից գանձել 6 մլն դրամ՝ զրպարտությամբ պատճառված վնասի, 3 մլն դրամ՝ վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման և 310 հազար դրամ` հայցվորի կատարած և կատարելիք դատական ծախսի՝ նախապես վճարված պետական տուրքի, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի համար (պայմանագիրը և հաշվարկը կներկայացվեն հավելյալ):
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։