Վերաբացվել է Արծրուն Մարգարյանի մահվան գործը․ Գլխավոր դատախազը չեղարկել է 1999 թվականի որոշումները
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չեղարկել է 1999 թվականին Արծրուն Մարգարյանի մահվան գործով ընդունված որոշումները՝ հիմք ընդունելով նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Մարգարյանը ստացած ծանր հրազենային վնասվածքից հետո գործնականում չէր կարող ինքնասպանություն գործել։ Գործի նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 27-ին վերացրել է 1999 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունված որոշումները, որոնցով դադարեցվել էր ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյանների նկատմամբ քրեական հետապնդումը, վերացվել էր նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը և կարճվել էր Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը, հայտնում է ՀՀ Դատախազաությունը։
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով՝ Քննչական կոմիտեում իրականացված քրեական վարույթի արդյունքներով։
Հիշեցնենք, որ 1999 թվականին Արսեն և Արմեն Խաչատրյաններին մեղադրանք էր առաջադրվել Արծրուն Մարգարյանի սպանության համար։ Սակայն հետագայում նախաքննության մարմինը եզրակացրել էր, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել, իսկ Մարգարյանը, ըստ այն ժամանակվա քննության վարկածի, իր թիկնապահների նկատմամբ մահափորձ կատարելուց հետո ինքնասպանություն է գործել։ Այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ գործի վարույթը՝ կարճվել։
2025 թվականին նախաձեռնված նոր քրեական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են գործի նյութերը, իրականացվել լրացուցիչ քննչական գործողություններ և նշանակվել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։
2026 թվականի մարտի 31-ին ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ Արծրուն Մարգարյանի կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքից հետո նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա գործնականում չէր կարող կատարել նպատակային ու համակարգված գործողություններ։ Փորձագետների գնահատմամբ՝ նման վիճակում չափազանց անհավանական է եղել, որ նա կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց։
Նոր հանգամանքների հիման վրա գլխավոր դատախազը վերացրել է 1999 թվականի համապատասխան որոշումները։ Արծրուն Մարգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Հայաստան3 հունիսի 2026
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Որոշմամբ սահմանվել է՝ ոչ կենցաղային սպառողների հաշվառման սարքերը այսուհետև կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվին և սահմանազատման կետում, անհրաժեշտության դեպքում՝ սպառողի տարածքից դուրս՝ գազաբաշխման համակարգի օպերատորի համար հասանելի վայրում։
Հայաստան3 հունիսի 2026
Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր
Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
Հայաստան3 հունիսի 2026
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովիշուրջ 100 պատգամավոր և աշխատակից կժամանեն Հայաստան
Դիտորդական առաքելությունների նախնական եզրակացությունները կներկայացվեն ընտրություններից հետո կայանալիք համատեղ մամուլի ասուլիսում։