Ուրբաթ, հուլիսի 17
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
17 հուլիսի 2026 • 09:44

3 միլիոն դրամի ենթադրյալ յուրացում․ Վանաձորի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաները՝ դատարանում

Իրավապահները 3.5 տարի բաժինը ղեկավարած Արմեն Այվազյանին ու նրա ենթականերին մեղադրում են քաղաքացիներից ու ընկերություններից հավաքագրած հարկերն ու վարձավճարները գրպանելու մեջ

3 միլիոն դրամի ենթադրյալ յուրացում․ Վանաձորի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաները՝ դատարանում

Վանաձորի քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետը, նրա տեղակալն ու ևս վեց աշխատակիցներ կանգնել են դատարանի առաջ, գրում է «Ազատություն»–ը։

Իրավապահները 3.5 տարի բաժինը ղեկավարած Արմեն Այվազյանին ու նրա ենթականերին մեղադրում են քաղաքացիներից ու ընկերություններից հավաքագրած հարկերն ու վարձավճարները գրպանելու մեջ. խոսքը 2.3 միլիոն դրամի մասին է։

Ըստ «Դատալեքս» համակարգում հրապարակված մեղադրանքի՝ Այվազյանը 2022 թվականին պաշտոնը ստանձնելուն պես աշխատակիցների հետ համաձայնության է եկել և երկու տարի շարունակ օգտագործել լիազորությունները՝ ի վնաս ծառայողական շահերի։

«Քաղաքացիներից կանխիկ ստացել են հողերի հարկերը, աղբահանության վճարները, արտաքին գովազդի տեղադրման թույլտվության տուրքերը, խոստացել են նրանց փոխարեն կատարել վճարումները, ապօրինի վերահաշվարկներ կատարելով՝ չեղարկել են վերջիններիս պարտավորությունները, քաղաքացիներին տրամադրել պարտավորություն չունենալու մասին տեղեկանքներ, իսկ կանխիկ հավաքագրած՝ ընդհանուր 2.317.480 դրամը համայնքի բյուջե չեն մուտքագրել, տնօրինել են անձամբ՝ էական գույքային վնաս պատճառելով Վանաձորին»։ Քաղաքապետարանի շուրջ աղմուկը բարձրացել էր այս տարվա գարնանը, երբ մեկ օրում 10 անձ ձերբակալվեց։ Նրանց թվում էին Այվազյանի հայրն ու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, ընտանիքի մերձավոր Արտավազդ Ալավերդյանը։ Նրանք էլ մեղադրվում են համայնքային միջոցներից 500 հազար դրամի հափշտակությանն աջակցելու մեջ։ «Որ իբր Արտավազդ Ալավերդյանն ու ես, 3 հոգով 500 000 դրամը իրար մեջ բաժանել ենք։ Իբր թե ես պաշտոնական դիրքի չարաշահում եմ կատարել, համայնքապետին ստիպել եմ, որ ինքը իր որոշումով հորս ՀԿ-ին գումար տա», նշեց Արմեն Այվազյանը։

Ծանր մեղադրանքներով դատարան հասած Արմեն Այվազյանը պնդում է, թե իր ղեկավարած բաժնի դեմ որևէ իրական ապացույց չկա, իսկ քաղաքացիներն ու ընկերությունները նախաքննության ընթացքում, ըստ նրա, իր դեմ ցուցմունքներ չեն տվել։

«Որևէ մեկը չի հարցրել վերահաշվարկի հիմք փաստաթղթեր, էս սենյակները հենց հիմա կան բազմաթիվ 100-ավոր քաղաքացիների վերահաշվարկների հիմքերը, և որևէ հիմքերի չեն ծանոթացել, այլ սուբյեկտիվ ձևի ասել են, որ վերահաշվարկները կատարվել են ապօրինի։ Դա անգրագիտության նշան ա, որն իրենք ցուցաբերել են», նշեց Արմեն Այվազյանը։

Մինչ իրավապահները բաժնի աշխատակիցներին մեղադրում են պարտականությունները չկատարելու մեջ, Վանաձորի ավագանին դեռ 2023 թվականի վերջին՝ ենթադրյալ չարաշահումների ժամանակահատվածում, որոշել էր խրախուսել նրանց։ Այվազյանն այդ ժամանակ վստահեցնում էր, որ իր պաշտոնավարման ընթացքում հարկերի հավաքագրումը կրկնապատկվել է, ուստի իր բաժինն ամբողջ կազմով արժանի է խրախուսանքի։

Ավագանին գրեթե միաձայն՝ ընդամենը մեկ ձեռնպահի ձայնով, որոշել էր եկամուտների, ինչպես նաև առևտրի բաժինների աշխատակիցներին պլանը 100 տոկոսով կատարելու դեպքում եռամսյակը մեկ պարգևատրել հավաքագրված գումարի 5 տոկոսի չափով։

Թե ինչպես կհանգուցալուծվի դատական այս գործընթացը, դեռ պարզ չէ. դատարանը վարույթն ընդունել է, բայց նիստերը դեռ չեն սկսվել։

Հատկանշական է, որ նույն բաժնում նույնատիպ սխեմայով յուրացման դեպք արդեն արձանագրվել էր։ Մեկուկես տարի առաջ բաժնի նախկին աշխատակից Արթուր Ղազարյանը դատապարտվեց տասնյակ քաղաքացիներից ու ընկերություններից շուրջ 10 տարի կանխիկ գումար հավաքագրելու և 18 միլիոն դրամ յուրացնելու համար։ Այդ գործը ջրի երես դուրս եկավ 2021 թվականի տեղական ընտրություններից հետո, երբ Վանաձորի իշխանափոխությունից հետո համայնքապետի պաշտոնակատար նշանակվեց Արկադի Փելեշյանը, իսկ բաժնի ղեկավարումը ստանձնեց Արմեն Այվազյանը։

Դատական գործի համաձայն՝ այս պատմության մեջ միակ դատապարտվածը բաժնի առաջին կարգի մասնագետ Արթուր Ղազարյանն է, որն ընդունել է մեղքն ու ամբողջությամբ հատուցել 18 միլիոն դրամի վնասը։ Բայց, ըստ իրավապահների, նոր ղեկավարի օրոք ևս հին սխեման շարունակել է գործել։

Ի տարբերություն 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Ղազարյանի՝ Այվազյանը մեղքը չի ընդունում և իրավական գործընթացը որակում է որպես քաղաքական ճնշում։ Նախ՝ իր կինն էր ավագանու անդամ, հետո՝ իր պաշտոնանկությունից հետո, ինքը ավագանու անդամ դարձավ։

Երկուսն էլ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով էին ավագանի անցել։

«Փորձել են իմ ավագանու անդամ եղած ժամանակներում ճնշումներ գործադրել... Ձերբակալելը համընկել է ավագանու նիստերի հետ», նշեց Արմեն Այվազյանը։

Արմեն Այվազյանը նախորդ տարեվերջին հասցրել էր հայտնվել նաև կաշառքի մեկ այլ գործի կենտրոնում։ Ձերբակալվելուց, ապա ազատ արձակվելուց հետո նա սեփական դիմումի համաձայն հեռացավ պաշտոնից, թեև այս դեպքով ևս մեղքը չի ընդունում։

Ուշագրավ է, որ համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը թափուր մնացած պաշտոնում նշանակեց հենց Այվազյանի կնոջը՝ Լիլիթ Հովսեփյանին։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև