Արտուր Օսիպյանը հրաժարվել է առանձնազրույց ունենալ ՄԻՊ ներկայացուցիչների հետ
Քրեական վարույթ նախաձեռնելու և վերջինիս ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն նաև իրավասու պետական մարմիններից:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 19-ին այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արտուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից: Արտուր Օսիպյանը նախորդ օրը ձերբակալվել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո։
«Արտուր Օսիպյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ մանրամասներ։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով այն, որ հարցի ուսումնասիրությունը սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, հընթացս ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Ա. Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը։
Քրեական վարույթ նախաձեռնելու և վերջինիս ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն նաև իրավասու պետական մարմիններից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմիններն իրենց գործունեությունն ու հանրային հաղորդակցությունը պետք է իրականացնեն առավել զգայուն եղանակով` նպատակ ունենալով բացառել որևէ հանրային ընկալում, որ իրավական գործիքները կարող են կիրառվել այս կամ այն քաղաքական ուժի կամ դերակատարի դեմ/օգտին կամ որ այդ գործիքները նախընտրական գործընթացներում կարող են կիրառվել որպես տարբեր դերակատարների ճնշման միջոց: Ավելին, իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:
Նկատի ունենալով այն, որ խոսքը անձին ազատությունից զրկելու և քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին է նախընտրական քարոզարշավի ընթացքում` Մարդու իրավունքների պաշտպանը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն` վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին, ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԻՊ մանդատի շրջանակում շարունակում է իրականացնել ընտրական գործընթացներում մարդու իրավունքների հարցերին առնչվող մշտադիտարկում, իրականացվում են ՄԻՊ մանդատին վերաբերելի գործառույթները»,-հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։