Այսօր Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի 40-րդ տարելիցն է
Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարը համարվում է պատմության ամենախոշոր ատոմային աղետներից մեկը։

40 տարի առաջ՝ 1986 թվականի ապրիլի 26-ին, Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցավ վթար։ Դրա հետևանքներն աշխարհին ցույց տվեցին, որ վերահսկողությունից դուրս եկած «խաղաղ ատոմը» կարող է ոչ պակաս սարսափելի լինել, քան միջուկային ռումբը, գրում է Տասսը:
Հաջորդ տասնամյակներում առաջադրվել են վթարի պատճառների տարբեր վարկածներ։ Առանց դավադրությունների և ենթադրությունների, պաշտոնական՝ գիտական բացատրությունը հետևյալն է․ «Չեռնոբիլի ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկի պլանային վերանորոգման ընթացքում, տուրբոգեներատորի փորձարկման ժամանակ, տեղի է ունեցել ռեակտորի թունավորում քսենոնի իզոտոպներով և գործել է յոդային փոսի էֆեկտը:»
Այնուհետև գրեթե միաժամանակ տեղի ունեցած երկու պայթյունները քանդել են էներգաբլոկի շենքը և ռեակտորի շիկացած միջուկը դուրս նետել արտաքին միջավայր։ Սկզբում ահռելի ճնշման հետևանքով համակարգի ամբողջ ջուրը միանգամից վերածվել է գոլորշու, որը պայթեցրել է ռեակտորը։ Այնուհետև գոլորշու և մետաղի ռեակցիայի արդյունքում՝ ավելի քան 1000°C ջերմաստիճանի պայմաններում, առաջացել է չափազանց պայթյունավտանգ գազ, ինչի հետևանքով տեղի է ունեցել երկրորդ պայթյունը:
Առաջին պաշտոնական հաղորդագրությունը եղել է կարճ` ապրիլի 28-ի երեկոյան Խորհրդային Միության հեռագրական գործակալությունը հայտնել է երկրին և աշխարհին, որ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Ռեակտորներից մեկը վնասվել է։ Ձեռնարկվում են միջոցներ՝ միջադեպի հետևանքները վերացնելու համար։ Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ դեպքը հետաքննելու նպատակով։
Հաջորդ օրը՝ 1986 թվականի ապրիլի 29-ին, նույն հաղորդագրությունը ԽՍՀՄ նախարարների խորհրդի անունից հրապարակվել է «Իզվեստիա» թերթի առաջին էջում։
Արդեն ապրիլի 27-ին իրականացվել է բարդ գործողություն՝ ընդամենը երեք ժամում ամբողջությամբ տարհանվել է ԱԷԿ-ին մոտ գտնվող Պրիպյատ քաղաքի ողջ բնակչությունը՝ շուրջ 47 հազար մարդ։ Եվ այսօր էլ, 40 տարի անց, Պրիպյատը մնում է ուրվական քաղաք՝ զրոյական բնակչությամբ:
Չեռնոբիլի վթարի տնտեսական վնասը փորձել են գնահատել ոչ միայն ռուբլիներով։ 2002 թվականին ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն փորձագետների պատրաստած «Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի մարդասիրական հետևանքները» զեկույցում Ուկրաինայի և Բելառուսի կորուստներն ու ծախսերը գնահատվել են համապատասխանաբար 148 միլիարդ և 230 միլիարդ դոլար։ Նշվում է, որ այդ ժամանակից ի վեր դոլարի արժեքը նվազել է, սակայն Չեռնոբիլի աղետի հետևանքները չեն էժանացել։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։