Դատավարությունները կարող են իրականացվել նաև տեսակապով․ ՆԳՆ նոր նախագիծը
Որպես բացառություն է սահմանվել այն դեպքը, երբ առկա է պաշտպանի և պաշտպանյալի փոխադարձ համաձայնությունը՝ հրաժարվելու այդ իրավունքից և միջնորդելու, որպեսզի պաշտպանը հանդես գա անմիջապես դատական նիստերի դահլիճից։

Ազգային ժողովում այսօր ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է նոր օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է տեսակապի համակարգ ներդնել ոչ միայն դատավարության ընթացքում, այլև քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ)՝ պատիժների կատարման փուլում։
Նախարարի պարզաբանմամբ՝ տեսակապի կիրառումը կարող է նախատեսվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի սեփական նախաձեռնությամբ։ Սակայն դրա համար անհրաժեշտ են լինելու համապատասխան իրավաչափ հիմքեր։
Տեսակապից հնարավոր կլինի օգտվել, եթե դա անհրաժեշտ է հասարակական կարգի, առողջության, վարույթի մասնավոր մասնակիցների իրավունքների ու ազատությունների պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննությունն ապահովելու համար։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ տեսակապով անցկացվող վարույթներին պաշտպանի մասնակցությունը լինելու է պարտադիր։ Ըստ նախագծի՝ փաստաբանը դատական նիստին տեսակապով մասնակցելու է հենց մեղադրյալի գտնվելու վայրից։
Որպես բացառություն է սահմանվել այն դեպքը, երբ առկա է պաշտպանի և պաշտպանյալի փոխադարձ համաձայնությունը՝ հրաժարվելու այդ իրավունքից և միջնորդելու, որպեսզի պաշտպանը հանդես գա անմիջապես դատական նիստերի դահլիճից։
Նախարարը նաև հավելել է, որ ներկայումս բավականին մեծ մարդկային և նյութական ռեսուրս է ծախսվում դատապարյալներին ՔԿՀ-ներից դատարաններ ուղեկցելու (էտապավորելու) ընթացքում։ Տեսակապի ներդրումը պատիժների կատարման փուլում թույլ կտա էապես կրճատել այդ ծախսերն ու բարձրացնել համակարգի արդյունավետությունը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: