Դպրոցները կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայությանը. Արագածոտնում և Շիրակում ամփոփվել են հուլիսյան խորհրդակցությունները
Որակյալ կառավարման համատեքստում փոխնախարարը հայտնել է տարբեր ուղղություններով թվայնացման համակարգերի ներդրման մասին։

Հայաստանի հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ հուլիսյան խորհրդակցություններն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի և հանրակրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված քննարկումների առանցքում եղել է դպրոցների կառավարման միասնական մոտեցման անցումը։
Համաձայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության բոլոր դպրոցները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունները կգործեն ԿԳՄՍ նախարարության ուղիղ ենթակայությամբ։
Ինչպես նշել է Արաքսիա Սվաջյանը, բարեփոխման նպատակը մեծածավալ ծրագրերի սահուն ընթացքի ապահովումն է, որոնք առնչվում են հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը։
«Որոշվել է դպրոցների բովանդակային կառավարումն ամբողջությամբ փոխանցել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական կառավարումը՝ շենք-շինությունների պահպանությունը, բարեկարգումը, անվտանգությունն ու մաքրությունը, վերապահել մարզպետարաններին»,- պարզաբանել է փոխնախարարը։
Նախարարի տեղակալն ընդգծել է նաև համայնքների աստիճանական ներգրավման կարևորությունը կառավարման հարցերում։ Ըստ նրա՝ հատկապես գյուղական բնակավայրերում նոր կառուցվող դպրոցներն ու կրթահամալիրները պետք է դառնան համայնքային կենտրոններ, քանի որ դրանք եզակի ենթակառուցվածքներ են և պետական ներդրումներն առավել նպատակային կլինեն, եթե ծառայեն նաև համայնքի կյանքի կազմակերպմանը։
Կրթական գործընթացի անմիջական հսկողության նպատակով նախատեսվում է ներդնել մարզային համակարգողների ինստիտուտը։ Նրանք պարբերական այցերի միջոցով մշտական կապի մեջ կլինեն դպրոցների հետ և ուշադրության կենտրոնում կպահեն ի հայտ եկած խնդիրները։
Որակյալ կառավարման համատեքստում փոխնախարարը հայտնել է տարբեր ուղղություններով թվայնացման համակարգերի ներդրման մասին։ Մասնավորապես, նախատեսվում է թվայնացնել ամենաբարդ ոլորտներից մեկը՝ ֆինանսավորումը, ինչը զգալիորեն կհեշտացնի ընթացիկ վարչարարությունը։
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաստիքացուցակներին, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին։ Մարզպետարանների և դպրոցների պատասխանատուները իրենց հուզող հարցերի վերաբերյալ նախարարության ներկայացուցիչներից ստացել են սպառիչ պատասխաններ։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։