Համաշխարհային բանկի՝ ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույցն ահազանգում է վտանգավոր միտումների մասին․ Դավիթ Անանյան
Ռուսաստանի նկատմամբ կախվածությունն այլևս միայն արտաքին առևտրի հարց չէ

Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«2026 թվականի մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 11.7%-ով, իսկ հունվար-մայիսին՝ 8%-ով։ Սակայն նույն ժամանակահատվածում արտահանումը նվազել է 3.7%-ով, ներմուծումն աճել՝ 2.2%-ով, իսկ առևտրային պակասուրդը հասել է տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի շուրջ 7%-ին։ Միայն մայիսին Ռուսաստան արտահանումը կրճատվել է 15%-ով։ Գնաճը հունիսին հասել է 5.1%-ի, իսկ պարենային ապրանքների գնաճը՝ 8.6%-ի։
Նույնիսկ բյուջեի՝ առաջին հայացքից դրական թվացող 0.8%-անոց հավելուրդը ձևավորվել է կապիտալ ծախսերի 54.5% կրճատման և պաշտպանության ծախսերի դադարեցման պայմաններում։ Համաշխարհային բանկն առանձին ընդգծում է Ռուսաստանի հետ քաղաքական զարգացումներից բխող ռիսկերը։ Զբոսաշրջիկների 40%-ը և մայիսյան զուտ դրամական տրանսֆերտների 61%-ը Ռուսաստանից են։ Դրանք ամրապնդել են դրամը, մեծացրել բանկային իրացվելիությունը և աջակցել ներքին պահանջարկին։
Այսինքն՝ Ռուսաստանի նկատմամբ կախվածությունն այլևս միայն արտաքին առևտրի հարց չէ։ Այն միաժամանակ վերաբերում է արտահանմանը, տրանսֆերտներին, զբոսաշրջությանը, ներքին սպառմանը, փոխարժեքին և էներգետիկ անվտանգությանը։ Մայիս-հունիսին Ռուսաստանը սահմանափակել է հայկական գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների, ձկնամթերքի, հանքային ջրի և ալկոհոլային խմիչքների մուտքն իր շուկա։
Համաշխարհային բանկն արդեն զգուշացնում է՝ եթե այդ սահմանափակումները պահպանվեն կամ ընդլայնվեն, դրանց հետևանքները դուրս կգան արտաքին առևտրի շրջանակից և կհարվածեն տնտեսական աճին, գներին ու սոցիալական պայմաններին։ Իսկ ի՞նչ է հակադրում Հայաստանի իշխանությունն այս վտանգին։ Տրանսպորտային և մաքսային ծախսերի պետական փոխհատուցում և արտահանումը ԵՄ շուկա արագ վերաուղղելու մասին լավատեսական հայտարարություններ։ Եվրամիության օժանդակությունը քաղաքականապես թեև կարևոր է, բայց տնտեսական ծավալով սահմանափակ, իսկ դրա հիման վրա ռուսական շուկան կարճ ժամանակում եվրոպականով փոխարինելու իշխանական սպասումը՝ անհեթեթ։ Եվրոպական շուկան միայն մաքսատուրքի վերացում չէ։
Այն պահանջում է որակի և անվտանգության այլ չափանիշների համապատասխանություն, սերտիֆիկացում, հետագծելիություն, թանկ լոգիստիկա, կայուն մատակարարումներ, բաշխման ցանցեր, նոր փաթեթավորում, մարքեթինգ և տարիներով կառուցվող գործարար կապեր։ Հատկապես թարմ գյուղմթերքը, ծաղիկը կամ ձկնամթերքը հնարավոր չէ կառավարության որոշմամբ կամ եվրոպացի պաշտոնյայի հայտարարությամբ մեկ օրում տեղափոխել այլ շուկա։ Մաքսատուրքից ազատված ապրանքը դեռ վաճառված ապրանք չէ։ Բայց խնդրի ամենացավոտ կողմն այլ է։ Իշխանությունը քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ հետևողականորեն հասցրեց առճակատման, բայց տնտեսությունը թողեց նույն Ռուսաստանից բազմաշերտ կախվածության մեջ։ Չկառուցեց տնտեսական անվտանգության բարձիկներ, չպատրաստեց արտադրողին, չստեղծեց իրատեսական այլընտրանքներ։
Այդ ապիկարության գինն այժմ պետք է վճարի ջերմոցատերը, գյուղացին, ձկնաբույծը, գինեգործը, արտահանողը, սպառողն ու հարկ վճարողը։ Վերջինս՝ նաև այն պատճառով, որ իշխանությունն իր չկատարած աշխատանքի հետևանքներն այժմ փորձելու է ծածկել պետական բյուջեից տրամադրվող փոխհատուցումներով։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական կախվածությունը վեր է ածել քաղաքական հարկադրանքի գործիքի, իսկ Հայաստանի իշխանությունը, չկարողանալով ո՛չ կառավարել ու թուլացնել այդ կախվածությունը, ո՛չ ստեղծել դրա իրատեսական այլընտրանքը, իր աշխարհաքաղաքական իմպրովիզացիայի ամբողջ գինը փոխանցել է Հայաստանի տնտեսությանն ու քաղաքացիներին»,-գրել է նա:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա13 սեպտեմբերի 2026
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են պարզեցնել մաքսային ընթացակարգերը և արագացնել բեռների անցումը սահմանին
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են սահմանային առևտուրը․ Նորդուզ–Մեղրի անցակետում նախատեսվում է «կանաչ» մաքսային միջանցքի ներդրում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և բեռնափոխադրումների արագացում։
Էկոնոմիկա11 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը կարևորել է հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը
Նախարար Պապոյանըկարևորել է նաև նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։
Էկոնոմիկա9 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: