Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս
Նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու եղանակով ՀՀ մաքսային սահմանով հարկման ենթակա օբյեկտները մաքսային համապատասխան ընթացակարգերի շրջանցմամբ տրանսպորտային միջոցներ ՀՀ ներմուծելու, օտարելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ.Վ.-ն, Ա.Մ.-ն, Ս.Շ.-ն, Լ.Ե.-ն և Բ.Կ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն և որպես դրա անդամներ հավաքագրել Ա.Մ.-ին, Հ.Գ.-ին, Ա.Դ.-ին, Ս.Ա.-ին և Հ.Ս.-ին` Վրաստանի Հնարապետությունից օրենքով սահմանված մաքսային ընթացակարգերը շրջանցելով Հայաստանի Հանրապետություն տրանսպորտային միջոցներ ապօրինի ներմուծելու և վաճառելու համար` մշակելով ապօրինի գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու հստակ դերաբաշխված հանցավոր մեխանիզմ:
Մասնավորապես՝ խմբի անդամները 2018-2020 թվականների ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցներ գնած Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իբր իրենց տրված կեղծ լիազորագրերի հիման վրա, 2023-2025 թվականների ընթացքում՝ տարբեր օրերի, կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներ` Ղազախստանի քաղաքացիների կողմից գնված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների և հաշվառման վկայագրերի կորստյան վերաբերյալ և կրկին ստացել հաշվառման համարանիշեր ու հաշվառման վկայագրեր:
Դրանից հետո հանցավոր կազմակերպության անդամները Վրաստանում գնել են հաշվառման վկայագրերում նշված մակնիշներին, թողարկման տարեթվերին և գույներին համապատասխանող տրանսպորտային միջոցներ, վրաց-հայկական և վրաց-ռուսական միջպետական սահմանների չեզոք գոտիներում պոկել տրանսպորտային միջոցների նույնականացման համարները՝ դրանց փոխարեն փակցրել իրենց մոտ առկա հաշվառման վկայագրում նշված կեղծ նույնականացման համարներն ու հաշվառման համարանիշերը, այդ ավտոմեքենաներով հատել վրաց-հայկական պետական սահմանը՝ ստեղծելով կեղծ տպավորություն, իբր 2018-2020 թվականներին գնված և Ղազախստանում արտահանված ավտոմեքենաները մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն:
Հանցավոր կազմակերպություն ստեղծելու, դրան մասնակցելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու համար 10 անձի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
5 մեղադրյալի գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել, 218 մեքենա ճանաչվել է որպես իրեղեն ապացույց:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:
Կարդացեք նաև
Հասարակություն12 օգոստոսի 2026
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած ռուս զբոսաշրջիկների թիվն աճել է 23.3%-ով
Մերձավոր արտասահմանյան երկրների շարքում առաջատար եռյակում են Բելառուսը, Աբխազիան և Հայաստանը։
Հասարակություն12 օգոստոսի 2026
Համբարձում Մաթևոսյանը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ հանդիպել է Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ
Փաստաթուղթն ամփոփում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երիտասարդների առաջնահերթություններն ու առաջարկները։
Հասարակություն12 օգոստոսի 2026
Արարատի մարզում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը ժամեր անց գիտակցության չգալով մահացել է
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդի 67-ամյա բնակիչ է։