Հայաստանը կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ ՊԵԿ
ՊԵԿ նախագահը շեշտել է՝ ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ոչ միայն պաշտոնական փաստաթուղթ է, այլև ընդհանուր պատասխանատվության, փոխվստահության և զարգացման հավակնոտ տեսլականի խորհրդանիշը։

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «Այ Ար Դի Էնջիրինգ» (IRD Engineering) իտալական ընկերության միջև ստորագրվել է ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը, որով պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկըՙ տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, «Այ Ար Դի Էնջիրինգ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին, ինչպես նաև կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի համար ծրագրի ռազմավարական նշանակությունը․ «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը պարզապես խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին։ Ծրագիրը նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական արտացոլումն է, քանի որ այն դառնալու է տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ժամանակակից ու նորագույն տեխնիկայով հագեցած ենթակառուցվածք»։
ՊԵԿ նախագահը շեշտել է՝ ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ոչ միայն պաշտոնական փաստաթուղթ է, այլև ընդհանուր պատասխանատվության, փոխվստահության և զարգացման հավակնոտ տեսլականի խորհրդանիշը։
Ըստ միջոցառմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը կարևոր ներդրում է տարածաշրջանային համագործակցության և առևտրի դյուրացման, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման գործում։
Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ստորագրել են ՊԵԿ գլխավոր քարտուղար Դավիթ Մաթևոսյանը և «Այ Ար Դի Էնջիրինգ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին։
Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական և լոգիստիկ հանգույց՝ միտված միջազգային բեռնափոխադրումների և մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, ինչպես նաև ժամանակակից և թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 մլն եվրո և ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը