Հայաստանը մոտ է այն կետին, երբ ՌԴ-ն ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ կերպ. Օվերչուկ
Մենք Ադրբեջանի հետ ունենք նորմալ տնտեսական հարաբերություններ։ Ես երբեք չեմ հոգնում դա կրկնելուց։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը TASS-ին տված հարցազրույցում ասել է, որ հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։ Առավել մանրամասն ստորև.
- Ինչպե՞ս կբնութագրեք Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները։
- Մենք Ադրբեջանի հետ ունենք նորմալ տնտեսական հարաբերություններ։ Ես երբեք չեմ հոգնում դա կրկնելուց։ Վերջերս Ասրախանում անցկացրինք միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ երկու կողմերն էլ ընդգծեցին, որ տնտեսական խնդիրներ չկան։ Մենք լավ հասկանում ենք իրար և կառուցողական աշխատում ենք թե՛ կառավարությունների տնտեսական բլոկների մակարդակով, թե՛ բիզնեսի մակարդակով։
- Տրանսպորտային երթուղու շուրջ շատ խոսակցություններ կային, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Մոսկվան տեղեկություններ ունի՞ դրա մասին։
- Այո, քննարկել ենք թե՛ Երևանում, թե՛ ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք պատկերացում ունենք, թե ինչպես է դա լինելու։
- Դա չի՞ վնասի Ռուսաստանի շահերին։
- Նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի ընդհանուր տրանսպորտային համակարգի ձևավորմանը։ Այն նաև կբարելավի Հայաստանի կապը Ռուսաստանի հետ։ Մեր գնահատմամբ՝ դա կարող է դառնալ հիմնական բեռնափոխադրման ուղին մեր երկրների միջև։
- Փաշինյանն ասել էր, որ պետք է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Սա առաջընթաց համարո՞ւմ եք։
- Երևանը միշտ էլ դա հասկացել է։ Նրանք գնահատել են և շարունակում են գնահատել նման որոշումների արժեքը իրենց երկրի համար։
- Եռակողմ աշխատանքային խումբը հիմա սառեցվա՞ծ է։
- Խումբը չի հավաքվել 2023-ի հուլիսից, բայց մենք շարունակում ենք շփումները երկկողմ մակարդակով։ Խումբը շատ մանրակրկիտ աշխատել է՝ ուսումնասիրելով բոլոր մանրամասները։ Ընդհանուր առմամբ, բոլոր լուծումները ձևակերպված են, և հասկանալի է՝ ինչ պետք է անել և ինչպես։
- ԵՄ-ին մոտենալու մասին հայտարարությունները արդեն հիմա տնտեսական ազդեցություն ունե՞ն Հայաստանի վրա։
- Ես դրա մասին դեռ անցյալ տարվա սեպտեմբերին էի խոսում։ Ասում էի, որ մեր բիզնեսը ավելի զգուշավոր է դառնում Հայաստանի հետ առևտրային կապերի հարցում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե նախորդ տարի առևտուրը եղել է 12.4 մլրդ դոլար, ապա այս տարի կարող է լինել մոտ 6 մլրդ դոլար։ Եթե այսպես շարունակվի, մենք ստիպված կլինենք վերանայել մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
- Ի՞նչ կարող է փոխվել։
- Դա Հայաստանի իրավունքն է՝ որոշել, թե որտեղ լինել։ Բայց նրանք հասկանում են, որ այդ դեպքում՝ մաքսային ռեժիմը կփոխվի, այլևս չի լինի ազատ առևտուր, ապրանքների ազատ տեղաշարժ չի լինի: Սա կարող է ծանր հարված լինել հայկական արտադրողների համար, հատկապես՝ գյուղատնտեսության։ Ռուսաստանը Հայաստանի համար պրեմիում շուկա է, հարևան երկրները նույնպես ունեն նույն գյուղմթերքը։
- Իսկ ԵՄ-ի դեպքում ի՞նչ կլինի։
- Հայաստանը կստանա ինչ-որ նոր հնարավորություններ, նոր շուկաներ, բայց՝ շուկան կարող է լցվել եվրոպական ապրանքներով, տեղական բիզնեսը դժվարություններ կունենա: Բացի այդ՝ կարող են խնդիրներ առաջանալ ավիացիայի ոլորտում, եթե ԵՄ երկնքը փակ է ռուսական ինքնաթիռների համար, նույնը կլինի նաև Հայաստանի դեպքում:
- Տրանսպորտի ոլորտում ի՞նչ փոփոխություններ կլինեն։
- Այսօր ԵՄ սահմանին գործում է բեռնատարների փոխկցման մեխանիզմ: Նույնը կլինի նաև այստեղ։ Կփոխվեն նաև՝ էներգիայի գները, սննդամթերքի գները: Հայաստանը նաև կարող է կորցնել Իրանի հետ ազատ առևտրի առավելությունները։
- Ընդհանուր գնահատականը։
- Շատ հետևանքներ կարող են լինել, և դրանք պետք է գնահատել։ Սա վատ սցենար է, հատկապես՝ սովորական մարդկանց համար։ Միևնույն ժամանակ, Հայաստանը որոշ օգուտներ էլ կստանա ԵՄ-ից։ Բայց վերջնական որոշումը հայ ժողովրդինն է։
- ԵԱՏՄ–Ինդոնեզիա ազատ առևտրի համաձայնագրի մասին:
- Այո, սպասում ենք ստորագրմանը մինչև տարվա վերջ։ Հնարավոր է որոշ ժամկետներ փոխվեն, բայց այս պահին սպասում ենք դեկտեմբերին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան29 մայիսի 2026
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա հուշագրի շուրջ, սակայն անհրաժեշտ է Թրամփի հաստատումը
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնության են եկել 60-օրյա փոխըմբռնման հուշագրի շուրջ, որը նախատեսում է հրադադարի երկարաձգում և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ, սակայն փաստաթուղթը դեռ չի հաստատվել ԱՄՆ նախագահի և Իրանի կողմից։
Տարածաշրջան29 մայիսի 2026
Ռուսական ԱԹՍ–ն ընկել է Ռումինիայում բազմահարկ շենքի վրա՝ կան տուժածներ
Ռումինիայի Գալաթ քաղաքում ռուսական ԱԹՍ–ն բախվել է բազմահարկ շենքի տանիքին՝ առաջացնելով հրդեհ։ Երկու մարդ տուժել է, տասնյակ բնակիչներ տարհանվել են։
Տարածաշրջան27 մայիսի 2026
Թուրքիայում 31 անօրինական միգրանտ է ձերբակալվել, որոնց թվում եղել են Ադրբեջանի և Աֆղանստանի քաղաքացիություն ունեցող անձիք։
Թուրքիայի Չանաքքալեի Այվաջըք շրջանում առափնյա պահպանության ուժերը հայտնաբերել և ձերբակալել են 31 անօրինական միգրանտ, այդ թվում՝ երեխաներ, որոնք տեղափոխվել են համապատասխան կենտրոն։