Չորեքշաբթի, հունիսի 17
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Բիզնես
17 հունիսի 2026 • 13:11

Հայաստանում են Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի ու Ձեռներեցության և գործադիր զարգացման կենտրոնի ներկայացուցիչները

Բուլղարական կողմի այցի հիմնական նպատակն է հայ–բուլղարական երբեմնի ակտիվ տնտեսական կապերի ակտիվացումը, առկա ներուժի ու հեռանկարային ուղղությունների բացահայտումը։

Հայաստանում են  Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի ու Ձեռներեցության և գործադիր զարգացման կենտրոնի ներկայացուցիչները

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հունիսի 17–ին հյուրընկալվեցին Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի ու Ձեռներեցության և գործադիր զարգացման կենտրոնի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից։

Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրեց Միության գործունեության հիմնական ուղղությունները, արտերկրի համանման կառույցների հետ ունեցած կապերը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բուլղարիայի ԱԱՊ Միջազգային հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների տնօրեն Գաբրիելա Դիմիտրովան անդրադարձավ իրենց պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի հիմնական նպատակներին, այդ թվում՝ նպաստել հայ–բուլղարական երբեմնի ակտիվ տնտեսական կապերի ակտիվացմանը, բացահայտել առկա ներուժն ու հեռանկարային ուղղությունները։

Ձեռներեցության և գործադիր զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Չերվենկովը հանգամանալի ներկայացրեց Բուլղարիայում մեկնարկած «Ֆունկցիոնալ և կայուն միգրացիա ու ինտեգրացիա Բուլղարիայում» նախագիծը, որի խնդիրն է տարբեր տարածաշրջաններից, այդ թվում՝ Հայաստանից ներգրավել ինչպես բարձրակարգ, այնպես էլ ծառայությունների ու սպասարկման ոլորտների միջին օղակի աշխատողների՝ իրենց երկրում առկա աշխատանքային ռեսուրսի բացը լրացնելու համար։ Պահանջարկ ունեցող ոլորտները բազմազան են՝ ինդուստրիա, շինարարություն, զբոսաշրջություն, առևտուր, հյուրանոցային բիզնես և այլն։ Երկարաժամկետ պայմանագրերով բարձրակարգ մասնագետները կապահովվեն կացության և աշխատանքի իրավունքով։

Ի դեպ, նախագծի www.bgjobsportal.com կայքն ութ լեզուների թվում ունի նաև հայերեն բաժին, որի շնորհիվ ցանկացողները կկարողանան ոչ միայն մանրամասն տեղեկանալ թափուր աշխատատեղերի մասին, ուղարկել իրենց տվյալներն ու հետաքրքրվածությունը, այլև անմիջականորեն շփվել մասնագետների պահանջ ներկայացրած ընկերությունների մասնագետների հետ։

Երկուստեք կարևորվեցին փոխգործակցության հետագա խորացումը, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը, համանման այցերն ու հանդիպումները։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև