Հինգշաբթի, հուլիսի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
9 հուլիսի 2026 • 10:20

Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարը ԵԽ-ի մշտադիտարկման մարմինը անարդյունավետ է գնահատել

Հայաստանը հայտնվել է «հետագա մշտադիտարկման  ուժեղացված հսկողության» ներքո

Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարը ԵԽ-ի մշտադիտարկման մարմինը անարդյունավետ է գնահատել

Հայաստանը հայտնվել է «հետագա մշտադիտարկման  ուժեղացված հսկողության» ներքո՝  Եվրոպայի խորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների հանձնախմբի՝ MONEYVAL-ի գնահատումից հետո։   

Արդյունավետության ու տեխնիկական համապատասխանության  տեսանկյունից միջոցառումների մակարդակը բարձր չի գնահատվել, հետևաբար Հայաստանը պարտավոր է MONEYVAL-ին պարբերաբար ներկայացնել առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ։

Այսօր հրապարակվել է  Հայաստանի՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ (ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ)  պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատման զեկույցը։5-րդը եղել էր 10 տարի առաջ։ 263 էջանոց փաստաթուղթը բացահայտում է ՀՀ-ում ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ  դեմ  պայքարի համակարգի ուժեղ և թույլ կողմերը, արդյունավետության, տեխնիկական համապատասխանության մակարդակը, ինչպես նաև բարելավման ուղղությամբ առաջարկվող գործողությունները։ Փոխադարձ գնահատման զեկույցը նաև ներառում է գնահատման խմբի՝ 2025թ  աշնանը հայաստանյան ստուգայցի արդյունքները։ Տպավորիչ, բայց դեռ անարդյունավետ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ընկալումն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանն իրականացրել է գովելի քայլեր, և այդ ռիսկերի հաղթահարմանն ուղղված ազգային քաղաքականություններն ու ռազմավարությունները գնահատվել են բավարար։

Սակայն ամեն ինչ չէ, որ արդյունավետ է և լիովին համապատասխանում Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի՝ ՖԱԹՖ-ի 40 հանձնարարականներին։ Ընդունված օրենքների և կանոնակարգերի մասով Հայաստանը գրանցել է տպավորիչ արդյունքներ, սակայն դրանց գործնական կիրառման մասով գերակշռում են չափավոր և ցածր արդյունավետության գնահատականները։ MONEYVAL-ը մատնանշում է, որ Հայաստանը թերագնահատում է արտաքին սպառնալիքների ազդեցությունը։ Հայաստանի իշխանությունները, ըստ զեկույցի, փողերի լվացման հիմնական սպառնալիքներ են համարում խարդախությունը, յուրացումը, կոռուպցիան, հարկային հանցագործությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և կիբերհանցագործությունները։

Զեկույցի համաձայն՝ փողերի լվացման հետ կապված կասկածելի գործարքների հաղորդումներում ներգրավված միջոցների շուրջ 59%-ն ունի արտաքին կապ, մինչդեռ իշխանությունները փողերի լվացման սպառնալիքները դիտարկում են գրեթե բացառապես որպես ներքին։ Հեղինակները կոչ են անում ավելի խորը վերլուծել արտաքին սպառնալիքները, ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը և վիրտուալ ակտիվների հետ կապված խոցելիությունները։ Միջազգային համագործակցության շրջանակում ՀՀ-ն հիմնականում գործում է արդյունավետ՝ հատկապես կոռուպցիոն գործերով։ Սակայն այս մոտեցումը միշտ չէ, որ կիրառվում է այլ հանցագործությունների դեպքում, ինչպիսին է, օրինակ, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Փոխադարձ իրավական օգնությունը որոշակի չափով օգտագործվում է ակտիվների վերականգնման ջանքերում: Ակտիվ ահաբեկչական խմբեր չկան «Հայաստանում ակտիվ ահաբեկչական խմբեր չկան, չեն արձանագրվել ծայրահեղական քարոզչություն կամ փոքրամասնությունների իրավունքների խախտումներ։ Երկրի քաղաքացիները կամ բնակիչները ընդգրկված չեն ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների ցուցակներում, և ահաբեկչության ֆինանսավորման դեպքեր չեն գրանցվել։ Ընդհանուր ԱՖ ռիսկը գնահատվում է ցածր»,- նշվում է  զեկույցում։

Հայաստանը վերահսկվող կամ ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների նշանակալի արտադրող չէ։ Երկակի նշանակության ապրանքների արտահանման թույլտվություններ չեն տրամադրվել դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ֆինանսավորման կամ այդպիսի զենքերի հետ կապված որևէ քրեական գործ չի հարուցվել։ 2025 թ․ սեպտեմբերին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո ՀՀ-ում հայտնաբերվել են համընկնումներ անձանց հետ, որոնք ընդգրկված են զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ֆինանսավորման հետ կապված՝ ՄԱԿ-ի համապատասխան պատժամիջոցների ցանկերում։ Զեկույցը մանրամասներ է  փոխանցում՝ առանց անուններ  նշելու․ «Հայկական բանկերից մեկի կողմից  կիրառվող պատժամիջոցների ավտոմատ գիշերային ստուգման համակարգը հայտնաբերել է, որ ՄԱԿ-ի այդ պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձինք առնչություն ունեն բանկում բացված երկու հաշվեհամարների հետ, և համակարգը ավտոմատ կերպով արգելափակեց երկու հաշվեհամարներն էլ։ Երկու հաշվեհամարներն էլ պատկանում էին թղթակցային բանկային հարաբերությունների շրջանակում սպասարկվող բանկերի։ Առաջինը իրանական բանկի հաշվեհամար էր, որը բացված էր հայկական բանկում և զրոյական մնացորդ ուներ, քանի որ երբևէ չէր օգտագործվել։

Երկրորդը մալայզիական բանկի հաշվեհամար էր, որի սեփականատերը իրանական բանկ էր, և այդ հաշվեհամարում առկա էր մոտ 183 000 եվրո։ Երբ բանկը երկուշաբթի առավոտյան սկսեց իր աշխատանքը, դեպքի վերաբերյալ հաղորդում ներկայացվեց Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնին (FMC)։ Երկու հաշվեհամարներն էլ մինչ օրս շարունակում են մնալ սառեցված»։ Երաշխավորված քայլերի անհրաժեշտություն Զեկույցում դրական է գնահատվում  ֆինանսական վերահսկողությունը և այն քայլերը, որոնք կանխում են հանցագործների մուտքը ֆինանսական համակարգ։ Սակայն մասնավոր հատվածը դեռ քիչ և ոչ բավարար որակով է հաղորդում կասկածելի գործարքների մասին։ Միաժամանակ նշվում է, որ անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր  վիրտուալ ակտիվների (կրիպտոարժույթներ) ծառայություններ մատուցողների և ոչ հրապարակային ներդրումային հիմնադրամների նկատմամբ վերահսկողության ոլորտում։

Այդ վերահսկողությունը  Հայաստանում գնահատվել է սահմանափակ արդյունավետ, քանի որ կիրառված պատժամիջոցներն ու շտկման միջոցները քիչ են եղել և բավարար զսպող ազդեցություն չեն ունեցել։ Ըստ զեկույցի՝ իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կիրառվում է բազմակողմանի մոտեցում, սակայն հետագա քայլեր են անհրաժեշտ՝ թափանցիկությունն ապահովելու համար, հատկապես՝ իրական շահառուների ռեգիստրի համալրման և դրանում պարունակվող տեղեկատվության հավաստիության ու արդիականության ստուգման միջոցով: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված  առաջընթացին, դատաիրավական բարեփոխումներին, փողերի լվացման գործերով դատավճիռների թիվը շարունակում է մնալ ցածր։     Ըստ զեկույցի՝ գնահատման ժամանակահատվածում Հայաստանում փողերի լվացման գործերով արձանագրված ընդամենը 7 դատավճիռները վերաբերել են փոքրածավալ «ինքնալվացման» (self-laundering)  դեպքերին, որոնք կապված են եղել խարդախության հետ։ «Ինքնալվացումը» (self‑laundering) իրավիճակն է, երբ հանցագործություն (օրինակ՝ խարդախություն, կոռուպցիա և այլն) կատարած անձը իրականացնում է նաև այդ հանցագործությունից ստացված միջոցների լվացման գործընթացը՝ դրանց ապօրինի ծագումը թաքցնելու կամ քողարկելու նպատակով։

Հիմնվելով արդյունավետության և տեխնիկական համապատասխանության գնահատականների վրա՝ MONEYVAL-ի  հանձնախումբը Հայաստանի իշխանություններին ներկայացրել է «Հիմնական երաշխավորված գործողությունների» (ՀԵԳ) ճանապարհային քարտեզ։  Դրանք  պետք է  կատարվեն առաջիկա երեք տարվա ընթացքում: 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև