«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի
Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված Երևանի Բուզանդի 32 հասցեի գույքի հետ

Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատի առարկան Բուզանդի 32 հասցեի գույքն է, որը դեռևս 2000-ականների սկզբին ներառվել է «Հին Երևան» նախագծում, սակայն ցայսօր որևէ գործողություն չի կատարվել: Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսն այդտեղ, այս մասին հայտնում է "Հետքը"։
«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2023թ. փետրվարին դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Խնդրել էր հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:
"2025թ. մարտի 25-ին դատարանը մերժել էր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հայցադիմումը, ինչից հետո ընկերությունը դիմել էր Վերաքննիչ դատարան: Վերաքննիչը բավարարել էր հայցը և դիմումն ուղարկել ստորադաս ատյան` ողջ ծավալով նոր քննության:
Ընկերությունը միաժամանակ դիմել էր Վարչական դատարան` վիճարկելով Կառավարության 2022թ. նոյեմբերի 24-ի որոշումը, որով «Հին Երևան» նախագծի իրականացման ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով՝ մինչև 2023թ․։ Այս դատական գործում վիճարկում էին հենց ժամկետի երկարացման իրավաչափությունը, քանզի, ըստ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանի, այն հիմնավորված չէ:
Դատական երեք ատյաններն ապարդյուն անցնելուց հետո «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2025թ. ապրիլին դիմել էր Սահմանադրական դատարան: ՍԴ-ում ընկերությունը վիճարկում էր «Հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, ինչպես նաև՝ Կառավարության 2018 և 2022 թվականների որոշումները, որոնցով երկարացվել են ժամկետները:
ՍԴ-ն 2025թ. դեկտմեբերին այս գործի վարույթը կարճել էր` անհիմն լինելու հիմնավորմամբ:
Ներպետական ատյանները սպառելուց հետո Թուֆենկյանի ներկայացուցիչները 2026-ի փետրվարի 26-ին դիմել են ՄԻԵԴ: Խնդրել են ճանաչել կոնվենցիոն իրավունքների, այս դեպքում` սեփականության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և խտրականության բացառման իրավունքների խախտումները:",– ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հասարակություն13 հուլիսի 2026
«Բեսյաչի նառոդ»․ Երևանում բնակվող ռուս բլոգերը հայհոյել է հայերին և քննադատել Վարդավառի տոնը
Պիրոժկովան բացահայտ արհամարհանք և ագրեսիա է դրսևորել հայկական մշակութային արժեքների հանդեպ
Հասարակություն13 հուլիսի 2026
Ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, բայց Երևանի քաղաքապետարանը մերժել է պատճառված վնասի փոխհատուցման պահանջը
ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել
Հասարակություն13 հուլիսի 2026
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։