Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են պարզեցնել մաքսային ընթացակարգերը և արագացնել բեռների անցումը սահմանին
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են սահմանային առևտուրը․ Նորդուզ–Մեղրի անցակետում նախատեսվում է «կանաչ» մաքսային միջանցքի ներդրում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և բեռնափոխադրումների արագացում։

Իրանի և Հայաստանի մաքսային ծառայությունների ղեկավարները պայմանավորվել են պարզեցնել մաքսային ընթացակարգերը և արագացնել բեռնափոխադրումները հայ-իրանական սահմանին։
Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 12-ին, Ջուլֆայում կայացած հանդիպման ընթացքում։ Իրանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ֆարուդ Ասգարին և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը քննարկել են երկու երկրների միջև մաքսային համագործակցության ընդլայնման և առևտրի դյուրացմանն ուղղված քայլերը։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են Նորդուզ-Մեղրի սահմանային անցակետում ներդնել պարզեցված մաքսային «կանաչ» միջանցք։ Նախատեսվում է, որ նոր մեխանիզմը կնպաստի մաքսային ընթացակարգերի արագացմանը և կնվազեցնի բեռների սպասման ժամանակը։
Կողմերը նաև պայմանավորվել են ընդլայնել բեռների ժամանումից առաջ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումը (Pre-Arrival)։ Դրա նպատակն է նվազեցնել բեռնատարների մուտքի ժամանակ իրականացվող վարչական ընթացակարգերի ծավալը։
Բացի այդ, նախատեսվում է պարզեցնել փաստաթղթերի ստուգման գործընթացը՝ հնարավորության դեպքում թղթային փաստաթղթերը փոխարինելով էլեկտրոնային տարբերակներով։ Կողմերը նաև պայմանավորվել են ապահովել մաքսային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակում (EDI)։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև լիազորված տնտեսական օպերատորի (AEO) կարգավիճակի փոխադարձ ճանաչման հարցը։ Այս կարգավիճակը տրամադրվում է այն ընկերություններին, որոնք համապատասխանում են մաքսային մարմինների սահմանած պահանջներին և համարվում են վստահելի տնտեսական օպերատորներ։
Կողմերը, միաժամանակ, պայմանավորվել են ևս 10 տարով երկարաձգել Նորդուզ-Մեղրի սահմանային անցակետի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը։
Իրանական կողմի հաղորդմամբ՝ պարզեցված «կանաչ» մաքսային միջանցքի վերաբերյալ արձանագրության տեքստն արդեն պատրաստ է ստորագրման և ստորագրվել է բանակցությունների ընթացքում։ Դրա գործնական կիրառման կոնկրետ պահանջներն ու ընթացակարգերը լրացուցիչ կհամաձայնեցվեն երկու երկրների փորձագետների կողմից։
Պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվում է նաև մեկ առևտրային հաշիվ-ապրանքագրով ապրանք տեղափոխող բեռնատարների համախմբում։
Կողմերը շեշտել են, որ մաքսային համագործակցության խորացումը պետք է նպաստի երկու երկրների միջև առևտրի զարգացմանը, սահմանային տեղաշարժի դյուրացմանը և բեռնափոխադրումների ավելի արագ կազմակերպմանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա11 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը կարևորել է հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը
Նախարար Պապոյանըկարևորել է նաև նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։
Էկոնոմիկա9 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Էկոնոմիկա8 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշոր ցանցի ղեկավարության հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի հետ համագործակցության, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունները։