Չորեքշաբթի, հուլիսի 8
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
7 հուլիսի 2026 • 07:57

Քոլեջների տնօրեններին ներկայացվել է ընդունելության նոր կարգը

Դիմելու մանրամասն քայլաշարային ուղեցույցը ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի առաջիկայում։

Քոլեջների տնօրեններին ներկայացվել է ընդունելության նոր կարգը

Հուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների և արհեստագործական ուսումնարանների) դիմումների ընդունելությունը։ Այս տարի, առաջին անգամ, ընդունելության ողջ գործընթացն իրականացվելու է բացառապես թվայնացված եղանակով՝ my.emis.am միասնական հարթակի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ)։

Ընդունելության նոր կարգն ու տեխնիկական մանրամասները քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) հանդիպում է ունեցել ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ գործընթացը բաղկացած է լինելու երկու հիմնական փուլից.

  1.  Ծնողները նախապես պետք է հաշիվ ստեղծեն my.emis.am հարթակում։ Էլեկտրոնային ստորագրություն ունեցողները կարող են նույնականացվել «Ես եմ» ազգային հարթակով, իսկ չունեցողները՝ սովորական եղանակով հաշիվ ստեղծելով։

  2.  Գրանցումից հետո ծնողները կկարողանան անմիջապես ներկայացնել դիմումները։ Դիմորդներին հնարավորություն է տրվում միաժամանակ հայտ ներկայացնել թե՛ քոլեջի, թե՛ ավագ դպրոցի ընդունելության համար։

Այս տարի թե՛ առաջին դասարանի, թե՛ ավագ դպրոցի և թե՛ քոլեջների ընդունելությունը կատարվում է նույն միասնական համակարգով։ Տարբեր պետական շտեմարանների փոխգործելիության շնորհիվ՝ ծնող-երեխա կապը, սոցիալական անապահովության կարգավիճակը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը (ԿԱՊԿՈՒ), ինչպես նաև 2020 թվականից հետո ստացված ավարտական փաստաթղթերը համակարգում կներբեռնվեն ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով։

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ միասնական թվային հարթակում հասանելի կլինի ամբողջական տեղեկատվություն առաջարկվող կրթական ծրագրերի, որակավորումների, ուսման ժամկետների, առկա տեղերի, վարձավճարների և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (դուալ կրթություն) վերաբերյալ։ Նոր ուսումնական տարվանից համակարգում պարտադիր հաշիվներ կունենան նաև քոլեջների տնօրենները, քանի որ հաստատությունների ողջ գործիքակազմը նույնպես տեղափոխվում է էլեկտրոնային տիրույթ։

Դիմելու մանրամասն քայլաշարային ուղեցույցը ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի առաջիկայում։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև