Հինգշաբթի, հուլիսի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
9 հուլիսի 2026 • 13:22

Կառավարությունը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային համակարգի կարգը․ այն ուժի մեջ կմտնի 2029 թվականից

Փոխնախարարի պարզաբանմամբ՝ համակարգի նպատակը քաղաքացիների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսումն է։

Կառավարությունը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային համակարգի կարգը․ այն ուժի մեջ կմտնի 2029 թվականից

ՀՀ կառավարությունը հաստատել է Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման և դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը։ Ինչպես նշեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, որոշումը մշակվել է՝ հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի դրույթները։

Փոխնախարարի պարզաբանմամբ՝ համակարգի նպատակը քաղաքացիների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսումն է։

Ըստ սահմանված կարգի՝ բոնուսային միավորներ կհաշվարկվեն այն ապահովագրված անձանց համար, ում անունով տվյալ տարվա ընթացքում, բացի կանխարգելիչ սքրինինգային ծառայություններից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել։ Տարվա ավարտից հետո այդ նախնական միավորները կփոխանցվեն քաղաքացու բոնուսային հաշվին։

Բացի այդ, սահմանվել են լրացուցիչ ցուցանիշներ, որոնք թույլ կտան ավելացնել բոնուսները հատուկ գործակիցների միջոցով։

«Երբ ապահովագրված անձը հանդես է գալիս որպես կամավոր անհատույց արյան դոնոր, կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվում են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավող ցուցանիշներ՝ օրինակ՝ մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորում, ծխելուց հրաժարում և այլն, ապա այդ դեպքում կիրառվում են նաև բոնուսների նկատմամբ լրացուցիչ գործակիցներ»,- տեղեկացրեց Լենա Նանուշյանը՝ հավելելով, որ ընթացակարգերն ու չափերն ավելի մանրամասն կսահմանվեն նախարարի հրամանով։

Նախարարի առաջին տեղակալը հայտնեց, որ վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել տարեկան ապահովագրական վճարի 10%-ը։ Տարին լրանալուց հետո քաղաքացիները կուտակված միավորները կարող են օգտագործել հետևյալ նպատակներով.

  • Ապահովագրավճարի վճարում,

  • Կամավոր բժշկական ապահովագրական փաթեթի ձեռքբերում,

  • Համավճարների իրականացում,

  • Մարզասրահների և լողավազանների բաժանորդական վճարների մարում։

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2029 թվականի հունվարի 1-ից։ Լենա Նանուշյանի խոսքով՝ այս պահին նախնական հաստատումը հնարավորություն կտա պատշաճ կերպով իրականացնել բոլոր նախապատրաստական աշխատանքներն ու ներդնել անհրաժեշտ էլեկտրոնային գործիքները։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև