Կառավարությունը սահմանեց ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողներին ներկայացվող պահանջները
Պահանջները վերաբերում են ձկան և ձկնամթերքի անվտանգությանը, հումքի վերահսկմանը, պահպանման և տեղափոխման ջերմաստիճանին, արտադրական տարածքների ու սարքավորումների սանիտարական վիճակին

Հայաստանի կառավարությունը սահմանեց Եվրոպական միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում՝ TRACES-ում գրանցվելու համար ձկնաբուծական տնտեսություններին, ձկնամթերք արտադրող և այն պահպանող կազմակերպություններին ներկայացվող պահանջները։ Որոշումը հաստատվել է կառավարության հուլիսի 16-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը թույլտվություն ունի ջրային կուլտուրաների՝ թեփուկավոր ձկների և դրանցից ստացված արտադրանքի արտահանում իրականացնել ԵՄ երկրներ։ Արտահանման համար տնտեսավարողները պետք է գրանցված լինեն TRACES համակարգում։
Գրանցվելու նպատակով տնտեսավարողը դիմում կներկայացնի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որը կստուգի՝ արդյոք տնտեսությունը կամ կազմակերպությունը համապատասխանում է սահմանված պահանջներին։
Պահանջները վերաբերում են ձկան և ձկնամթերքի անվտանգությանը, հումքի վերահսկմանը, պահպանման և տեղափոխման ջերմաստիճանին, արտադրական տարածքների ու սարքավորումների սանիտարական վիճակին, անձնակազմի հիգիենային, հետագծելիությանը, փաթեթավորմանն ու մակնշմանը։
Ձկնամթերք արտադրող կազմակերպությունները պետք է ունենան վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ ՎՎՀԿԿ սկզբունքների վրա հիմնված ընթացակարգեր։ Նրանք պետք է նաև ապահովեն արտադրանքի ծագման և տեղաշարժի հետագծելիությունը՝ արտադրությունից մինչև վաճառք։
Սառեցված ձկնամթերքը, որպես կանոն, պետք է պահվի և տեղափոխվի ոչ բարձր, քան -18 աստիճան ջերմաստիճանում։ Սահմանվել են նաև մակաբույծների ոչնչացման, հումքի հալեցման, ջրի և սառույցի օգտագործման, թափոնների կառավարման ու վնասատուների վերահսկման պահանջներ։
Ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանվել են ջրավազանների, ջրամատակարարման, կարանտինային տարածքների, կենդանիների առողջության վերահսկման, կերի պահպանման և անասնաբուժական դեղամիջոցների կիրառման պահանջներ։
Տնտեսությունները պարտավոր կլինեն առնվազն երեք տարի պահպանել ձկների ծագման, քանակի, տեղափոխման, հիվանդությունների, անկման դեպքերի, բուժումների և անասնաբույժների ստուգայցերի վերաբերյալ տվյալները։
Ձկնամթերքի մակնշման մեջ պետք է ներառվեն ձկան գիտական ու առևտրային անվանումները, արտադրության եղանակը, ծագման երկիրը, պահպանման ժամկետն ու պայմանները, բաղադրիչները, ալերգենները, զտաքաշը և արտադրողի տվյալները։
TRACES համակարգում գրանցվելու համար կազմակերպությունները պետք է համապատասխանեն նաև Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության օրենսդրության պահանջներին։
Որոշման ընդունմամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրավական հիմք կստանա ստուգելու ԵՄ արտահանման նպատակով դիմող տնտեսավարողների համապատասխանությունը։ Կարգավորումը նպատակ ունի նպաստել արտահանման շուկաների ընդլայնմանը և հայկական տնտեսությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացմանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա16 հուլիսի 2026
«Արարատցեմենտ»–ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը
Միջնորդությունը բավարարվել է
Էկոնոմիկա15 հուլիսի 2026
Տարադրամն այսօր․ հուլիսի 15
Ռուբլու առքի միջին գինը 3.95 դրամ է, վաճառքինը՝ 4.77։
Էկոնոմիկա15 հուլիսի 2026
Հայաստանը միացել է ԱՄՆ-ի «Առևտուր օգնության փոխարեն» նախաձեռնությանը
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը