Խարդախության զոհ դարձած «SAS»–ի աշխատակիցները և ներկայանալ չցանկացող «SAS»–ի անտեղյակը
Ըստ հրապարակման՝ տուժած քաղաքացիների անձնագրային տվյալները բանկ են փոխանցվել ընկերության ցանցից, որոնցով արդեն իսկ ձևակերպվել և կանխիկացվել են վարկային միջոցներ։

«SAS» սուպերմարկետների մի շարք աշխատակիցների անձնագրային տվյալները բանկ են փոխանցվել ընկերության ցանցից, որոնցով արդեն իսկ ձևակերպվել և կանխիկացվել են վարկային միջոցներ։ Այս մասին հայտնում է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը՝ հղում անելով բանկային համակարգի սեփական աղբյուրին։
Այս պահին արձանագրված տուժածների թիվը հասնում է տասնյակների, սակայն տելեգրամյան ալիքը չի բացառում, որ տուժածների իրական քանակն ավելի մեծ է, քանի որ շատերը դեռևս տեղեկացված չեն իրենց անունով ձևակերպված վարկերի գոյության մասին։
Ինչպես նշում է աղբյուրը, իրավապահ մարմինները պետք է պարզեն՝ արդյո՞ք տվյալների արտահոսքը տեղի է ունեցել ընկերության առանձին աշխատակիցների գործողությունների, թե՞ կառավարման օղակների որոշումների հետևանքով, քանի որ գործատուն ցանկացած պարագայում կրում է անձնական տվյալների պահպանման իրավական պատասխանատվություն։
Բացի այդ, հարցականի տակ է դրվում նաև հաճախորդների տվյալների անվտանգությունը։ Քանի որ «SAS» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև «NEXT» և «BALDI» խանութներում գործում է միասնական «SAS ClubCard» կուտակային համակարգը, որի համար քաղաքացիները տրամադրել են անձնագրային տվյալներ։ «Բաղրամյան 26»-ը խորհուրդ է տալիս քարտապաններին acra.am կայքի միջոցով ստուգել սեփական վարկային պատմությունը։ Նշենք, որ «SAS» սուպերմարկետների ցանցը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին։
Armpulse–ը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պատրաստ է լսել թեմայի վերաբերյալ կողմերի տեսակետը։ Դեպքի առթիվ մենք արդեն կապ ենք հաստատել «SAS» սուպերմարկետների ցանցի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ Նշենք, որ մեր հարցմանն ի պատասխան, հայտնեցին, թե չկա նման բան, անգամ տեղյակ չեն շրջանառվող լուրերի մասին։ Մեր հորդորին՝ ստուգել կրկին ինֆորմացիան և փոփոխության դեպքում հետադարձ կապ հաստատել, պատասխանեցին, որ կուսումնասիրեն տարածվող լուրերն ու կանեն անհրաժեշտ բոլոր ճշտումները։ Նշենք, որ այս ինֆորմացիան մեզ փոխանցած աշխատակիցը, Իռենը, չցանկացավ ներկայանալ՝ խուսափելով նշել իր ազգանունն ու հաստիքը կազմակերպությունում։
Թեմայի վերաբերյալ Armpulse-ը նաև կապ է հաստատել Կենտրոն վարչական շրջանի ոստիկանություն, ճշտելու՝ արդյո՞ք ճիշտ է ինֆորմացիան այն մասին, թե տուժած քաղաքացիները դիմել են ոստիկանություն։ Մեր հարցմանն ի պատասխան, Ոստիկանությունից մեզ ասացին՝ հարցն ուղարկել գրավոր տարբերակով, չհաստատելով ու չհերքելով առկա լուրերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը հայտնել էր վարկային խարդախության մեխանիզմի մասին, որն արձանագրվել էր «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի օնլայն հարթակում։ Զեղծարարները, ձեռք բերելով քաղաքացիների անձնագրային տվյալները, օնլայն հայտերի միջոցով վարկեր էին ձևակերպվել նույնիսկ այնպիսի անձանց անուններով, ովքեր երբևէ չեն հանդիսացել տվյալ բանկի հաճախորդ՝ շրջանցելով անվտանգության և SMS հաստատման համակարգերը։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հունիսի 2026
Քաղաքացիները ահազանգում են «ՎՏԲ բանկ»–ի վարկերի խարդախության նոր սխեմայի մասին․ աղբյուր
Քաղաքացիներն իրենց անունով ձևակերպված պարտավորությունների մասին տեղեկանում են հետգրության կարգով, երբ բանկից ստանում են վարկի հաստատման «շնորհավորական» հաղորդագրությունը և առաջին վճարման ամսաթիվը:
Հասարակություն29 հունիսի 2026
Կայծակը հարվածել է Փարիզի Էյֆելյան աշտարակին
Փոթորկի ժամանակ Էյֆելյան աշտարակի գագաթին քամու պոռթկումները հասել են 104.8 կմ/ժ արագության։
Հասարակություն29 հունիսի 2026
Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, պահպանվող հատուկ տարածքում մեքենան կնիքվել է։