Հասարակություն
18 մայիսի 2026 • 11:41
Մանկական ավտոաթոռակները (քարսիթերը) ոչ միայն հարմարավետության, այլ առաջին հերթին նախատեսված են երեխայի կյանքը փրկելու համար
Աշխարհում գոյություն ունեն խիստ կանոնակարգեր, որոնցով սահմանվում են քարսիթերի անվտանգության չափանիշները:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մանկական ավտոաթոռակներին և և շեշտել դրանց կարևորությունը:
«Կյանքեր փրկող թվեր. Մանկական ավտոաթոռակների (քարսիթ)՝ օգտագործումը նվազեցնում է մահվան ելքով վթարների հավանականությունը մինչև 1 տարեկան երեխաների մոտ 70%-ով, իսկ 1-ից 4 տարեկան երեխաների մոտ՝ 54%-ով, ճիշտ տեղադրված մանկական աթոռակը 67%-ով նվազեցնում է երեխայի լուրջ վնասվածքներ ստանալու ռիսկը։
Մանկական ավտոաթոռակները (քարսիթերը) ոչ միայն հարմարավետության, այլ առաջին հերթին նախատեսված են երեխայի կյանքը փրկելու համար։ Ավտովթարների ժամանակ անվտանգության գոտիները նախատեսված են մեծահասակների մարմնի կառուցվածքի համար, իսկ երեխաներին կարող է պաշտպանել միայն ճիշտ ընտրված քարսիթը։
Աշխարհում գոյություն ունեն խիստ կանոնակարգեր, որոնցով սահմանվում են քարսիթերի անվտանգության չափանիշները: Օրինակ` i-Size (ECE R129) ստանդարտը եվրոպական ամենաժամանակակից ստանդարտն է։ Եթե նախկինում աթոռակները ընտրվում էին ըստ երեխայի քաշի, ապա նոր i-Size ստանդարտով դրանք ընտրվում են ըստ երեխայի հասակի։ Դա ավելի ճշգրիտ է, քանի որ երեխաները տարբեր կառուցվածք ունեն։ Ըստ նույն եվրոպական չափորոշիչի՝ մինչև 15 ամսական երեխաներին պարտադիր պետք է փոխադրել մեքենայի ընթացքին հակառակ ուղղությամբ (դեմքով դեպի հետ)։
Շատ երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) ճանապարհային երթևեկության կանոններով արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել առանց համապատասխան պահող համակարգերի (քարսիթ կամ բուստեր)։
Չի կարելի երեխային հաստ ձմեռային բաճկոնով կամ կոմբինեզոնով ամրացնել քարսիթում։ Հաստ հագուստը խաբուսիկ ծավալ է ստեղծում։ Վթարի հարվածից հագուստը վայրկենապես սեղմվում է, և անվտանգության գոտիները մնում են թույլ, ինչի հետևանքով երեխան կարող է պարզապես դուրս թռչել աթոռակից։ Ճիշտ տարբերակն է՝ հանել բաճկոնը, ամրացնել գոտիները և նոր միայն բաճկոնը կամ վերմակը գցել երեխայի վրայից։
Ժամանակակից աշխարհում կիրառվում է ISOFIX քարսիթ ամրացնելու միջազգային ստանդարտ համակարգը։ Ինչո՞վ է այն լավ. սովորական ամրագոտիներով քարսիթը տեղադրելիս ծնողների 70-80%-ը սխալներ են թույլ տալիս (թույլ է ձգում, սխալ անցքով է անցկացնում)։ ISOFIX-ի դեպքում սխալվելու հավանականությունը հասնում է նվազագույնի (մոտ 5%), քանի որ այն հատուկ կեռիկներով ամրանում է մեքենայի մետաղական հիմքին։
Անհրաժեշտ է հիշել, որ քարսիթը պետք է ճիշտ տեղադրված լինի՝ համաձայն արտադրողի ցուցումների, որպեսզի ապահովվի երեխայի առավելագույն անվտանգությունը։ Պարբերաբար պետք է ստուգել քարսիթի ամրության և ճիշտ տեղադրման վիճակը, քանի որ ժամանակի ընթացքում այն կարող է թուլանալ»:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: