Շաբաթ, օգոստոսի 8
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
8 օգոստոսի 2026 • 12:21

ՄԻՊ-ը քննչական մարմնի տարածած հաղորդագրությունում անձնական տվյալների անհարկի հրապարակումն անընդունելի է համարում

Օմբուդսմենն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի մասնավոր կյանքին վերաբերող տվյալների անհարկի հանրայնացումը։

ՄԻՊ-ը քննչական մարմնի տարածած հաղորդագրությունում անձնական տվյալների անհարկի հրապարակումն անընդունելի է համարում
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Օմբուդսմենն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի մասնավոր կյանքին վերաբերող տվյալների անհարկի հանրայնացումը։

«Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը և ինչու՞ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
 
ՄԻՊ գրասենյակից ընդգծում են, որ ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի, և իրավապահները պետք է ունենան բազմակողմանի քննություն իրականացնելու պատշաճ հնարավորություն։ Այնուամենայնիվ, ձերբակալությունը, մեղադրյալի կարգավիճակը կամ քրեական հետապնդումը չեն վերացնում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված հիմնական մտահոգությունները․

  • Նման հաղորդագրությունը հատկապես անթույլատրելի է կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Անհասկանալի է համարվում նաև կրոնական համոզմունքին առնչվող հանգամանքների շեշտադրումը։
  • Պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է խստորեն համապատասխանի անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Գործի լուսաբանումը չպետք է հանրության շրջանում ձևավորի անձի մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք՝ նախքան օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։
  • Մարդու արժանապատվության, մասնավոր կյանքի և անձնական տվյալների պաշտպանությունը պետական մարմինների ուղղակի պարտականությունն է, այլ ոչ թե ցանկալի գործելակերպ։
Հայտարարությունում նաև նշվում է, որ գործին առնչվող տարբեր ահազանգեր են ստացվել ՄԻՊ թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել քննչական մարմին՝ ձերբակալված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Այս պահին իրականացվում են համապատասխան գործողություններ, որոնց ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև