Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Փաշինյանի և Ռուբինյանի հնչեցրած հայտարարությունների առնչությամբ
Իշխող քաղաքական թիմի բարձրագույն ներկայացուցիչների կողմից հնչեցված «վենդետա լինելու է» ձևակերպումը ուղղակի կոչ է իմ պաշտպանյալի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար։

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել է գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին, արդարադատության նախարարին։
«ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին
Հաղորդում ներկայացնող՝ Վարդան և Սպարտակ Ղուկասյանների պաշտպան Զարուհի Փոստանջյան
06 հունիս, 2026 թվական
Հաղորդում հանցանքների մասին
Ես՝ փաստաբան Զարուհի Փոստանջյանս, հանդիսանում եմ Երևան-Կենտրոն (ԱԱԾ) մեկուսարանում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու` Սպարտակ Ղուկասյանի պաշտպանը։ Սույն հաղորդմամբ և ահազանգով Ձեր ուշադրությունն եմ հրավիրում բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իրականացված բացահայտ հակաիրավական, հակասահմանադրական և իմ պաշտպանյալների ֆիզիկական անվտանգությանը սպառնացող արարքների վրա։
I. Գործի փաստական հանգամանքները և ժամանակագրությունը.
Առաջին դրվագ.
Իմ պաշտպանյալներ Վարդան և Սպարտակ Ղուկասյանների նկատմամբ քաղաքականացված հետապնդումը կրում է շարունակական բնույթ և մեկնարկել է դեռևս 2025 թվականին։ Մասնավորապես, 2025 թվականի հոկտեմբերի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը և պաշտոնական դիրքը, Վարդան Ղուկասյանի հասցեին հնչեցրել է ուղղակի սպառնալիք՝ հրապարակավ հայտարարելով. «...պետք է դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից...»։ Այս ուղղակի հրահանգին և ազդակին անմիջապես հաջորդել է իրավապահ մարմինների կտրուկ արձագանքը՝ իմ պաշտպանյալը կալանավորվել է և մինչ օրս պահվում է մեկուսարանում, ինչը փաստում է, որ քրեական վարույթը ծառայեցվում է գործադիր իշխանության ղեկավարի հնչեցրած նպատակներին։
Երկրորդ դրվագ.
Հետապնդման հաջորդ փուլում թիրախավորվել են նաև իմ պաշտպանյալի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք։ 2026 թվականի մայիսի 18-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով հանրային հարթակը և մեծ լսարանը, հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, որտեղ անձնական հարձակում է գործել Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի դեմ՝ վերջինիս պաշտպանական գործունեության պատճառով։ ՀՀ վարչապետը հանրության ներկայությամբ հնչեցրել է հետևյալ վիրավորական և զրպարտչական ձևակերպումները. «...ստահակ...» (կրկնվել է բազմիցս), «...էժան, էժանի մեկը...», «...ծախված շայկա...», «...էժան գնա Վարդանիկին պաշտպանի էժանի մեկը, գնա Վարդանիկին պաշտպանի...», «...կաշառակեր ստահակ, ստահակ, գետինը մտնես, գետինը մտնես, գետինը մտնես...»։
Երրորդ դրվագ.
Շարունակելով նույն հակաիրավական հռետորաբանությունը՝ 2026 թվականի հունիսի 5-ին, իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, հանդես գալով հանրային ելույթով, իմ պաշտպանյալ Վարդան Ղուկասյանի և վերջինիս հարազատների հասցեին հնչեցրել է ուղղակի սպառնալիքներ և կանխորոշել վերջինիս դատավճիռը՝ հայտարարելով. «Եվ մենք Ձեզ երաշխավորում ենք, որ Վարդանիկը ու իր նմանները իրանց ամբողջ կյանը տալու են քրեակտարողական հիմնարկի իրանց խցի պատին... հիշում եք որ 2018 թվականին էստեղ ասում էինք վենդետա չի լինելու, կներեք սխալվել են վենդետա լինելույա, բոլոր գործակալները հատ առ հատ նստելու են, իրանց հարազատները մինչև իրանց կյանքի վերջը իրանց տանելու են, իրանց այցելելու են...»։
Չորրորդ դրվագ.
Քաղաքական հարձակումներին և հնչեցված սպառնալիքներին զուգահեռ, սույն հաղորդումը ներկայացնելուց ընդամենը օրեր առաջ, արձանագրվել է գործնական-տակտիկական ճնշման բացահայտ դրսևորում. Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, լիովին անսպասելիորեն տեղափոխվել և հանձնվել է ՀՀ ԱԱԾ մեկուսարան: Այս անսպասելի տեղափոխությունը, որը տեղի է ունեցել հայր և որդի Ղուկասյանների դեմ ուղղված հանրային ագրեսիվ հայտարարությունների և «վենդետայի» անոնսավորման ֆոնին, ակնհայտորեն կրում է մեկ վայրում ընտանիքի անդամների նկատմամբ կենտրոնացված հոգեբանական ու ֆիզիկական ճնշումներ գործադրելու և նրանց խոցելիությունը մեծացնելու միտում։
II. Իրավական հիմնավորումներ.
1. Անմեղության կանխավարկածի կոպտագույն և շարունակական ոտնահարում (ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդված, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մաս).
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (Վարչապետ, ԱԺ փոխնախագահ) կողմից հանրային ամբիոններից անձին քաղաքական դաշտից «դուրս շպրտելու» կոչերը, նրան կանխավ մեղավոր ներկայացնելը և պատժի չափ կանխորոշելը («իրանց ամբողջ կյանքը տալու են խցի պատին») ուղղակի ճնշում է դատական իշխանության և վարույթն իրականացնող մարմինների վրա։ ՄԻԵԴ ուղենիշային նախադեպերի՝ մասնավորապես` Allenet de Ribemont v. France (10.02.1995 թվական, գանգատ թիվ 15175/89, § 36-37) և Fatullayev v. Azerbaijan (22.04.2010 թվական, գանգատ թիվ 40984/07, § 159-160) գործերով սահմանված իրավական դիրքորոշումների համաձայն՝ պետական պաշտոնյաների նմանատիպ կանխակալ և ուղղորդող հայտարարությունները իսպառ վերացնում են անձի արդար դատաքննության հնարավորությունը և հանդիսանում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի բացահայտ խախտում։
2. Փաստաբանական գործունեության անկախության երաշխիքների տապալում.
ՀՀ Գործադիր իշխանության ղեկավարի կողմից փաստաբան Զարուհի Փոստանջյանին հանրային հարթակից թիրախավորելը, վիրավորելն ու որպես «ծախված շայկա» կամ «կաշառակեր» անվանելը՝ ուղղակիորեն կապելով նրա փաստաբանական աշխատանքի հետ («գնա Վարդանիկին պաշտպանի»), հանդիսանում է ուղղակի հարձակում փաստաբանական ինստիտուտի վրա։ Ըստ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ փաստաբանը չի կարող նույնացվել իր պաշտպանյալի հետ։ Նման վարքագիծը նպատակ ունի ահաբեկել պաշտպաններին և զրկել Վարդան Ղուկասյանին արդյունավետ իրավական օգնությունից։
3. Կյանքին և առողջությանը սպառնացող ռիսկեր (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներ).
Իշխող քաղաքական թիմի բարձրագույն ներկայացուցիչների կողմից հնչեցված «վենդետա լինելու է» ձևակերպումը ուղղակի կոչ է իմ պաշտպանյալի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար։ Քանի որ Վարդան և Սպարտակ Ղուկասյանները ներկայումս գտնվում են ԱԱԾ մեկուսարանում, պետությունը կրում է նրանց անվտանգության ապահովման բացարձակ պոզիտիվ պարտականությունը։
4. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում և անցում. Հանրային հարթակի օգտագործումը որպես ապօրինի հրահանգների և քաղաքական հաշվեհարդարի («վենդետայի») գործիք (ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներ).
Բարձրաստիճան պաշտոնյայի հրապարակային սպառնալիքը զուտ քաղաքական հռետորաբանություն չէ. իրավական տեսանկյունից դա ուղղակի հրահանգ է իրավապահ համակարգին և կալանավայրերի վարչակազմին։ Արդեն իսկ ապացուցված է` Նիկոլ Փաշինյանի հրահանգը, որից հետո կալանավորվեց Վարդան Ղուկասյանը: Երբ պետության ղեկավար դիրք զբաղեցնող անձը հայտարարում է «վենդետայի» մասին, ցածր օղակների պաշտոնյաները դա ընկալում են որպես գործողության ուղեցույց, ինչը հանգեցնում է լիազորությունների չարաշահման և անցման։
Բարձրաստիճան պետական պաշտոնյայի (տվյալ դեպքում՝ ԱԺ փոխխոսնակի) կողմից իր պաշտոնեական դիրքի, հեղինակության և հանրային հարթակի օգտագործումը «վենդետա» (արյունահեղություն/հաշվեհարդար) անոնսավորելու և անձանց ցմահ ազատազրկում կանխորոշելու համար, դուրս է գալիս քաղաքական խոսքի սահմաններից և պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պաշտոնեական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ։
Իրավական պետության սկզբունքի համատեքստում նմանատիպ հայտարարությունները հանդիսանում են` ուղղակի, անօրինական քաղաքական հրահանգ ուղղված քննչական մարմիններին, դատախազությանը, դատարաններին և քրեակատարողական հիմնարկների անձնակազմին։ Սա պետական ապարատի հնարավորությունների և լիազորությունների դիտավորյալ չարաշահում է՝ կոնկրետ անձանց (Վարդան և Սպարտակ Ղուկասյանների) նկատմամբ կանխակալ խիստ վերաբերմունք ձևավորելու և արդարադատության իրականացմանը միջամտելու նպատակով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ վճիռներում արձանագրել է, որ գործադիր կամ օրենսդիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հնչեցված նմանատիպ հայտարարությունները կաթվածահար են անում իրավական համակարգի անկախությունը:
Մարդու իրավունքերի եվրոպական դատարանը.
• Հստակ սահմանել է, որ երբ երկրի բարձրագույն ղեկավարությունը կամ ազդեցիկ պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարում են անձի մեղավորության, նրան անպայման պատժելու կամ նրա նկատմամբ պետական պատժիչ գործիքներ կիրառելու անհրաժեշտության մասին, դա իրավապահ մարմինների համար ընկալվում է որպես «գործողության հրաման»:
• Նշել է, որ նմանատիպ հայտարարությունները կանխորոշում են քննության ընթացքը, քանի որ ստորադաս քննիչները, դատախազները կամ կալանավայրերի պաշտոնյաները չեն կարող գործել ինքնուրույն՝ կաշկանդված լինելով իրենց վերադասների հրապարակային դիրքորոշմամբ:
• Շեշտել է, որ պետական պաշտոնյաները պարտավոր են ցուցաբերել առավելագույն զսպվածություն։ Նրանց կողմից օգտագործվող բառապաշարը (տվյալ դեպքում՝ «վենդետա», «խցի պատին կյանքը տալու են») վկայում է պետության կանխակալ մոտեցման և լիազորությունների անցման մասին, ինչը խաթարում է ողջ իրավական գործընթացի օրինականությունը:
• Արձանագրել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հանրային հարթակներից հնչեցվող սպառնալիքներն ու մեղադրանքները հանդիսանում են իրավունքի չարաշահում (abuse of power), քանի որ պետական իշխանությունը ծառայեցվում է ոչ թե օրենքի գերակայությանը, այլ անձնական կամ քաղաքական նպատակներով թիրախավորված անձանց ոչնչացնելուն։
Հետևաբար, Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը չի կարող դիտարկվել որպես սովորական կարծիք կամ քաղաքական գնահատական։ Դա հանրային իշխանությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների բացահայտ անցում և չարաշահում է, որը հրահանգավորում է պետական ողջ պատժիչ մեքենային՝ իմ պաշտպանյալների նկատմամբ կիրառել անօրինական ճնշումներ և կանխորոշել նրանց ապագան՝ շրջանցելով արդար դատաքննության սահմանադրական և միջազգային երաշխիքները։
III. Հաղորդման պահանջը.
1. ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝
Սույն հաղորդման մեջ նշված բոլոր 4 դրվագներով ներկայացված փաստերի հիման վրա, որոնք վերաբերում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի կողմից իրենց պաշտոնեական դիրքի, հեղինակության և հանրային հարթակների օգտագործմամբ հնչեցված հայտարարություններին («քաղաքական դաշտից դուրս շպրտելու», «վենդետայի» և ցմահ ազատազրկման կանխորոշման ուղղակի սպառնալիքներին), փաստաբանական գործունեությանը խոչընդոտելուն և Սպարտակ Ղուկասյանի անսպասելի տեղափոխմանը, նախաձեռնել քրեական վարույթ՝ պարզելու նրանց արարքներում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունների անցման (իրավապահ և դատական համակարգերին ապօրինի հրահանգներ/ազդակներ տալու) և փաստաբանի օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցակազմերի առկայությունը:
Ձեռնարկել անհապաղ դատախազական վերահսկողության միջոցներ՝ բացառելու համար բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի քաղաքական հրահանգների և ուղղորդումների որևէ ազդեցություն Վարդան Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթների նախաքննության և դատական քննության օբյեկտիվության վրա:
2. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝
Արձանագրել երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության և պաշտոնատար անձանց կողմից անմեղության կանխավարկածի (ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդված, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մաս) շարունակական ու կոպտագույն ոտնահարման, պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով արդար դատաքննության իրավունքին միջամտելու, ինչպես նաև փաստաբանական անկախության երաշխիքների տապալման բացահայտ փաստերը: Հաշվի առնելով հրապարակավ հնչեցված «վենդետայի» (հաշվեհարդարի) ուղղակի սպառնալիքները և Սպարտակ Ղուկասյանի անսպասելի տեղափոխումը՝ սեփական նախաձեռնությամբ կամ հատուկ վերահսկողության շրջանակներում իրականացնել անհապաղ մշտադիտարկում (այցելություն) Երևան-Կենտրոն (ԱԱԾ) մեկուսարան՝ տեղում գնահատելու Վարդան Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի ֆիզիկական անվտանգության, կյանքի, առողջության և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման պայմանները:
3. ՀՀ Արդարադատության նախարարին՝
Որպես քրեակատարողական հիմնարկների գործունեությունը համակարգող և վերահսկող մարմնի ղեկավար՝ ձեռնարկել հրատապ և գործնական բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու համար Երևան-Կենտրոն (ԱԱԾ) մեկուսարանում գտնվող Վարդան Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի կյանքի և առողջության բացարձակ անձեռնմխելիությունը: Բացառել պետական պաշտոնյաների կողմից հնչեցված ապօրինի հրահանգների («վենդետաների» անոնսների) որևէ գործնական անդրադարձ կամ դրսևորում կալանավայրի անձնակազմի կողմից, ապահովել իմ պաշտպանյալների լիարժեք պաշտպանվածությունը ցանկացած տեսակի հնարավոր ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումներից, սադրանքներից կամ իրավունքների ապօրինի սահմանափակումներից:
Հաղորդում ներկայացնող՝
Վարդան Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյան»։
Կարդացեք նաև
Հասարակություն6 հունիսի 2026
Հայերի հերթական խմբին են արտաքսել Գերմանիայից
Հայկական ԶԼՄ–ների տեղեկություններով` չվերթը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ։
Հասարակություն6 հունիսի 2026
Ավերածություններ Ստեփանավանում՝ կարկտահարության հետեւանքով. ֆոտոներ
Մանրամասները՝ նկարներում։
Հասարակություն6 հունիսի 2026
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը
Վթարը վերացնելու համար հայտարարվել է ջրանջատում, և «Աբովյան» շահագործման տեղամասն անմիջապես սկսել վթարավերացման աշխատանքները։