ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
Այս ընկերությունների անվամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է զգալի ծավալի ավիավառելիք

Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածք է ներմուծվում ավիոկերոսին, որի իրացման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում տեղեկություններ առկա չեն։
Հարկային իրավախախտումների կանխման և բացահայտման նպատակով ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ. Կ.-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է ինը ընկերություն: Այս ընկերությունների անվամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ հետագայում իրացվել է Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր անձանց՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման։
Այս ինը կազմակերպությունց երեքը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ, իսկ վեց կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ՝ այս եղանակով խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։ Ձեռք բերված փաստական տվյալների և հանգամանքների վերլուծության և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ռ.Կ.-ի կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։
Բացահայտված դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրական իրացման շրջանառությունները։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա17 հուլիսի 2026
ՌԴ-ն ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի թուրքական կորիզավոր մրգերի ներմուծման վրա
Որոշման մասին հայտնի է դարձել Կիևում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի բանակցություններից հետո
Էկոնոմիկա16 հուլիսի 2026
Օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվում են նոր առավելություններ
Օրինապահ հարկ վճարողների սպասարկումն իրականացվելու է առաջնահերթ և արտոնյալ պայմաններով։
Էկոնոմիկա16 հուլիսի 2026
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և EBRD-ի միջև ձևավորված երկարամյա գործընկերությունը և անդրադարձել առաջնահերթ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։