Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները
Այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ, գրում է Ermenihaber–ը։
Այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում։
Կողմերը քննարկել են սահմանային անցակետի բացումը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերն այդ գործընթացում։ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը նշել է, որ իրենք երկար ժամանակ աշխատում են Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Նա մասնավորապես նշել է. «Որպես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն՝ աշխատում ենք երկու երկրների միջև առկա խնդիրները լուծելու և առևտուրը զարգացնելու ուղղությամբ։ Մեր գործունեությունն ու նախագծերը շարունակվում են արդեն երկար տարիներ։ Այս հարցում մեզ քննադատել են շատերը, հատկապես Հայաստանից։ Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հրաժարվել մեր ջանքերից, մենք մեծ ջանքեր ենք գործադրել երկու երկրների հարաբերությունները բարելավելու, այցելությունները դյուրացնելու և առևտուրը խթանելու ուղղությամբ»։
Ըստ նրա՝ այդ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել տնտեսական, սոցիալական և մշակութային կապերը երկու հարևան երկրների միջև:
Նախագիծն իրականացվում է երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ու նախագծի չորս հենասյուներն են՝ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը, Եվրասիական գործընկերության հիմնադրամը, Հրանտ Դինքի հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը: Ղազարյանը նաև նշել է, որ կողմերը կարևոր շեմ են անցնում դրական արդյունքների հասնելու համար։ Երկու երկրների ղեկավարներն էլ շատ ջերմ և դրական վերաբերմունք ունեն այս հարաբերությունների նկատմամբ ու սահմանային անցակետերի բացումը դեռևս օրակարգային հարցերի թվում է։ Ըստ նրա՝ այս պահին դեռ շատ աշխատանքներ կան անելու։
«Այժմ ցանկանում ենք բացել սահմանային անցակետերը և աշխատել՝ ձեզ հետ անմիջական կապ հաստատելով։ Ցանկանում ենք սեպտեմբերին կարևոր հանդիպում անցկացնել Երևանում՝ ձեր մասնակցությամբ։ Սպասում ենք հյուրեր Կարսից, Իգդիրից և Վանից։ Քննարկումներ ենք անցկացնում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների հետ։ Սեպտեմբերին կայանալիք հանդիպման համար մենք կցանկանայինք ձեզ ողջունել Ալիջանի սահմանային անցակետում։ Սա խորհրդանշական մուտք կլինի։ Առաջին մուտքը կկատարեն գործարարները».- ընդգծել է Ղազարյանը։
Ղազարյանը պաշտոնապես հրավիրել է թուրք գործարար համայնքին սեպտեմբերին Հայաստանում կայանալիք խոշոր գործարար ֆորումին։ Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանն էլ հայտնել է, որ հավատում է, որ արդյունաբերողները և գործարարները կլինեն աշխարհի ապագայի ամենակարևոր դերակատարները՝ խաղաղության, բարօրության և համերաշխության համար։ «Մեր պատմական համագործակցության և մշակութային ժառանգության շնորհիվ Հայաստանը միշտ եղել է մեզ համար շուկա և մի երկիր, որի հետ մենք պետք է զարգացնենք համագործակցության հնարավորությունները։ 2014-ից ի վեր մենք աշխատում ենք այս հեռանկարը հաշվի առնելով՝ զարգացնելով հարաբերությունները, իրականացնելով առևտուր և հեշտացնելով այցելությունները մեր արևելյան հարևանների հետ», – նշել է Թաքվանը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։